Երեկվա օրը համառոտ. հունիսի 27

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է Բոսնիա-Հերցեգովինային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, երբ այս երկրները բարեփոխումներ իրականացնեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եռօրյա գագաթնաժողովից առաջ կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ն կունենա աջակցության նոր փաթեթ գործընկերների համար, այդ թվում Վրաստանի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստը սկսել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման 8-րդ ամյակի մասին խոսելով։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել և նշել, որ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի մինչև հուլիսի 3-ը ներկայացված պահանջներին, ապա «Լելոյի» գործունեությունը խորհրդարանում և սակրեբուլոներում չի կարող շարունակվել սովորական ռեժիմով։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել և նշել, որ ձեռնարկելու է համապատասխան բոլոր միջոցները՝ ապահովելու Tbilisi Pride-ի կողմից ծրագրված փակ միջոցառումների անվտանգությունը։

Վրաստանում գործող պրոռուսական «Ալտ-Ինֆո» կուսակցության՝ «Պահպանողական շարժման» անդամները հրավիրվել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) հարցաքննության։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել էր։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերգի գետի մակարդակը, որի պատճառով էլ վնասվել է ճանապարհահատվածը` անորոշ ժամանակով փակելով վրաց-ռուսական միջպետական սահմանի Կազբեգի մաքսակետը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ճանապարհահատվածին երթևեկությունն արդեն վերականգնվել է։

Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։

Բժիշկներին հաջողվել է փրկել Մառնեուլիի 5 հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկի պատշգամբի փլուզման հետևանքով մահացած հղի կնոջ պտղի կյանքը։

Չինաստանի Շենճեն քաղաքում կայացել է վրացական գինու համտես՝ ներմուծողների և դիստրիբյուտորների համար։

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ մեկ ամիս առաջ հացը թանկացել է մոտ 10 թեթրիով։ Այսօր հացթուխներն ասում են, որ պատրաստվում են որոշակիորեն պահպանել գինը, բայց ապագայի համար կանխատեսումներ չեն կարող անել:

Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը այսօրվա առուվաճառքի արդյունքում դարձել է 2,9349 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,1066 լարի։