Համավարակի ընթացքում մահացածների 96%-ը 50 տարեկանից բարձր են

Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացել է 15 141 մարդ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) մանրամասն զեկույց է հրապարակել երկրում 2020-2021 թվականներին վիրուսի տարածվածության վերաբերյալ: Այդ թվում զեկույցում ներկայացված են մահացածների տարիքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Զեկույցի համաձայն՝ մահացածների 96%-ը 50 տարեկանից բարձր քաղաքացիներ են, 86%-ը 60 տարեկանից, 61%-ը 70 տարեկանից բարձր։

Նշվում է, որ համավարակի պատճառով մահացությունների մեծ մասը պայմանավորված է տարիքով, ինչը կրկնակի անգամ ավելի կարևոր է դարձնում պատվաստումը այս տարիքային խմբում։

Վրաստանում 2020-2021 թվականներին կորոնավիրուսից մահացածների բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի.

  • 0-9 տարեկան — 14, 0.1%,
  • 10-19 տարեկան — 14, 0.1%,
  • 20-29 տարեկան — 42, 0.3%,
  • 30-39 տարեկան — 139, 1.0%,
  • 40-49 տարեկան — 402, 2.9%,
  • 50-59 տարեկան — 1 386, 10.0%,
  • 60-69 տարեկան — 3 437, 24.8%,
  • 70-79 տարեկան — 4 061, 29.3%,
  • 80+ տարեկան — 4 394, 31.7%

2020-2021 թվականներին Վրաստանում COVID-19-ից մահացել է 13 860 քաղաքացի, որից 52%-ը կին և 48%-ը տղամարդիկ էին։

Ըստ NCDC-ի՝ մահացածների զգալի մասն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, որոնցից 81%-ը ուղեկցվել է թոքաբորբով:

COVID-19-ից մահվան դեպքերն ըստ ուղեկցող հիվանդությունների.

  • հիպերտոնիա — 41%,
  • շաքարային դիաբետ — 25,9%,
  • էմբոլիա -8,2%,
  • ուռուցքային հիվանդություններ — 5,6%,
  • թոքերի խրոնիկ հիվանդություններ — 4,7%