Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի ֆինանսների նախարարները

Հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով Վրաստանում էր գտնվում Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, փոխանցում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նշվում է, որ այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:

Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

«ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին, այդ թվում՝ բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Վրացի և հայ գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության և այլ հարցերի։