Հարկ կլինի լրամշակել կուսակցությունների արգելման հայցը. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ հավանաբար կարիք կլինի լրամշակել Սահմանադրական դատարան ներկայացված հայցը, որով պահանջվում է արգելել երեք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։

Իրակլի Կոբախիձեն այսպես է պատասխանել իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության` ինը ընդդիմադիր կուսակցությունների միավորմանն առնչվող հարցին։ Կոբախիձեն ասել է, որ «առկա տեղեկություններով՝ նրանք ընտրություններին մասնակցելու են 5 համարի ներքո՝ ընդհանուր կուսակցությամբ և ընդհանուր ցուցակով»։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այդ կուսակցությունները «ծնվել են «Ազգային շարժման» ընդերքից»։

«Մեզ համար միակ հետևանքն այն կլինի, որ ստիպված կլինենք սրբագրել այն հայցը, որը ներկայացրել ենք Սահմանադրական դատարան. կարիք կլինի փոխել կուսակցությունների անվանումները՝ ելնելով ձևավորված նոր կառուցվածքից»,- ասել է Կոբախիձեն երեկ՝ մարտի 9-ին, Օրբելիանիների պալատում վրացի գեղասահորդներին Պատվո շքանշանով պարգևատրման արարողությունից հետո։

Նրա խոսքով՝ այդ ցուցակը կարող է համալրվել, և սահմանադրական հայցում կարող են հայտնվել նաև բոլոր համապատասխան կուսակցությունները։ «Կաշխատենք և կընդունենք համապատասխան որոշում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, «Վրացական երազանք»-ը Սահմանադրական դատարան է դիմել երեք ընդդիմադիր կուսակցությունների արգելման պահանջով նախորդ տարվա հոկտեմբերի 31-ին։ Իշխող կուսակցությունը պահանջում է արգելել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած չորս կուսակցություններից երեքին.

• «Միացյալ Ազգային շարժում»

• Կոալիցիա փոփոխությունների համար. Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»

• «Ուժեղ Վրաստան. Լելո, ժողովրդի համար, Հանուն ազատության»։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ արևմտամետ 9 կուսակցություն համաձայնել է ընդդիմադիր դաշինք ստեղծելու գաղափարին։

Համատեղ որոշման մասին կուսակցությունները հայտարարել են մարտի 2-ին տեղի ունեցած հանդիպումից հետո։

Արևմտամետ 9 կուսակցություն կհամախմբվի ընդդիմադիր դաշինքի շուրջ