Հայաստանի ՏԿԵ նախարարի այցը Վրաստան

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ ծանոթացել է Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս տեղեկությունը հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Վերոնշյալ նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, նաև` 5 կամուրջ և 5 թունել։

Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։

ՀՀ նախարարները Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ այցելել և ծանոթացել են Ստեփանծմինդա — Գվելեթի հատվածի շինարարությանը։ Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:

Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկվել են ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները։