Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 19

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում հայտնաբերվել է օրենքի խախտման 4 փաստ:

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Բաթումիի գրասենյակի նախագահ Գիորգի Կիրթաձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ հարձակման է ենթարկվել:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ գեներատորներն Ուկրաինա կուղարկվեն մինչև տարեվերջ։

Վրաստանի «Դրոա», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» և «Գիրչի» ընդդիմադիր կուսակցություններն արձագանքել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը և կոչ են անում իրավական հիմքեր ստեղծել օգոստոսյան պատերազմի զոհերին ու նրանց ընտանիքների անդամներին փոխհատուցելու համար։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» կատարված փոփոխությունը, ըստ որի` փոխվում է տրանսպորտային միջոցը վարելու կամ այլ անձի փոխանցելու համար սահմանված պատասխանատվությունը, և եթե սահմանված կարգով չի ենթարկվել պարբերական տեխզննման:

Այս տարի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները խորացել են` ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների:

Ըստ այդմ՝ 11 ամսում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 49,2 տոկոսով և կազմել 2,205 մլրդ դոլար. Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 13 տոկոս մասնաբաժնով։

Թբիլիսիի քաղաքապետարանն սկսում է Ծերեթելիի պողոտայի բարեկարգումը և արդեն հայտարարել է նախագծման ու շինարարության պետական ​​գնումների մասին։

«Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» պետական ​​ՍՊԸ-ն, որի 100 տոկոսանոց բաժնեմասը պատկանում է Թբիլիսիի քաղաքապետարանին, 2020-2022 թվականներին մայրաքաղաքի բյուջեից 265 մլն լարի աջակցություն է ստացել։

Ներկայումս Վրաստանում ակտիվ են Եվրամիության երկրների մասնակցությամբ գրանցված 2 հազար 192 տնտեսվարող սուբյեկտներ։