Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32,2 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 17,018 մլրդ դոլար, ինչը 32,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ըստ Geostat-ի՝ դրանից արտահանումը կազմում է 5,037 մլրդ դոլար (աճը` 31,8 տոկոս), իսկ ներմուծումը` 11,981 մլրդ դոլար (աճը` 32,4 տոկոս)։ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 6,944 մլրդ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 40,8 տոկոսը։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 78,9 տոկոս։ Արտահանողների առաջատար եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Չինաստան՝ 660,7 մլն դոլար, Ռուսաստան՝ 597,9 մլն դոլար և Ադրբեջան՝ 595,5 մլն դոլար:

«2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալում տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինը կազմել է 67,3 տոկոս։ Առաջատար երկրների եռյակում են՝ Թուրքիան՝ 2,143,2 մլն դոլար, Ռուսաստանը՝ 1,607,8 մլն  դոլար և Չինաստանը՝ 1,017,7 մլն դոլար»,- նշված է Geostat-ի տվյալներում:

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,9 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան՝ 2,552 մլրդ դոլար, Ռուսաստանը՝ 2,205 մլրդ դոլար և Չինաստանը՝ 1,678 մլրդ դոլար։