Գեներատորներն Ուկրաինա կուղարկվեն մինչև տարեվերջ. նախարար

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ գեներատորներն Ուկրաինա կուղարկվեն մինչև տարեվերջ։

Ըստ նախարարի՝ սկսվել է գեներատորների գնման գործընթացը:

«Մենք կօգնենք մեր ուկրաինացի գործընկերներին և ընկերներին գեներատորներով, նրանք կստանան համապատասխան, անհրաժեշտ սարքեր, բարձր տեխնոլոգիաների շատ հուսալի գեներատորներ։

Մենք նախագծել ենք տարբեր հզորությունների գեներատորներ` առավելագույն ճկունությամբ, որոնք կօգտագործվեն Ուկրաինայում մի շարք շենքերի համար»,- ասել է Դավիթաշվիլին։

Ի դեպ, Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն օրեր առաջ հայտնել էր, որ Վրաստանը Ուկրաինային գեներատորներ ուղարկելու նպատակով հատկացրել է 1,5 մլն լարի, որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 738 հազար 900 դոլար:

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ուկրաինա գեներատորներ ուղարկելու մասին։

Հիշեցնենք. Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ մեկ ամիս առաջ դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց դեռ պատասխան չեն ստացել։