Վրաստանը Ուկրաինայի համար 1,5 մլն լարիի գեներատորներ ձեռք կբերի

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Վրաստանը Ուկրաինային գեներատորներ ուղարկելու նպատակով հատկացրել է 1,5 մլն լարի, որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 738 հազար 900 դոլար, հայտնում է Netgazet-ին:

Նախարարության տվյալներով՝ ներկայումս փնտրում են գեներատորներ, և դրանց գնման ընթացակարգերը շարունակվում են։

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը 1,5 մլն լարի է հատկացրել «Վրաստանի 2022 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքով սահմանված հատկացումների շրջանակներում, որով «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգ» ԲԲԸ-ն ձեռք կբերի տարբեր տեսակի գեներատորներ՝ Ուկրաինա ուղարկելու նպատակով»,- նշել են էկոնոմիկայի նախարարությունից:

Ի դեպ, Վրաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Ուկրաինա գեներատորներ ուղարկելու մասին։

Նշենք, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ մեկ ամիս առաջ դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց դեռ պատասխան չեն ստացել։