Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչը հրավիրվել է դատախազություն

Թամար Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչ Սերգո Շուբիթիձեի «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հիման վրա Թբիլիսիի դատախազությունում հետաքննություն է սկսվել ապացույցների հնարավոր կեղծման վերաբերյալ։

Դատախազությունը «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից  հետո Շուբիթիձեին հարցաքննության է կանչել. հարցաքննությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 2-ին։ Քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հարցազրույցի հեռարձակումից հետո հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 369-րդ պրիմա հոդվածով՝ ապացույցներ կեղծելու մասով:

«Ֆորմուլա»-ին տված հարցազրույցում նախկին քննիչն ասել է, որ Բաչալիաշվիլիի ինքնասպանության վարկածն իր համար համոզիչ չէ:

«Ես իսկապես չեմ կարող հավատալ (որ նա ինքնասպան է եղել- խմբ.)… Ես չեմ ուզում այս բեռը մենակ տանել…»,- ասել է Շուբիթիձեն:

Ի դեպ, 23-ամյա Բաչալիաշվիլին անհետացել է 2020 թվականի հուլիսի 18-ին։ 4-օրյա որոնումներից հետո հուլիսի 22-ին նրա դին գտել են ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կայանված իր մեքենայում՝ Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետի Մածևանի գյուղի տարածքում գտնվող անմարդաբնակ վայրում։

Հետաքննությունն ի սկզբանե իրականացվել է ազատությունից ապօրինի զրկելու գործով, դիակի հայտնաբերման երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, առաջադրվել է Բաչալիաշվիլիի ինքնասպանության վարկածը։

Դատախազությունը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Բաչալիաշվիլիի նկատմամբ հանցագործություն չի կատարվել, նա ինքնասպան է եղել, և գործն այս եզրակացությամբ փակվել է։

Հատկանշական է, որ ընտանիքն առաջին իսկ օրից պնդում էր, որ Բաչալիաշվիլին սպանվել է: