Թբիլիսիսում կրակել են բիզնեսմենի վրա

Թբիլիսիի Վակե թաղամասի Շատբերաշվիլի փողոցում հրազենից տղամարդ է վիրավորվել, որից հետո շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց։

Ըստ տեղեկությունների՝ վիրավորվածը բիզմեսմեն Դեմուր Խաբուլիանին է: Ականատեսների խոսքով, օրվա առաջին կեսին Խաբուլիանին կոնֆլիկտ է ունեցել անհայտ անձանց հետ, ապա, ենթադրաբար, նույն անձինք վերադարձել են, և զինված միջադեպ է բռնկվել։

Ականատեսները պատմել են, որ նա վիրավորվել է գլխի շրջանում: Տուժածն ինքն է օգնություն խնդրել։ Ըստ տեղեկությունների՝ նրա վիճակը բավարար է։

Նախաքննությունն սկսվել է Քրեական օրենսգրքի 120-րդ և 236-րդ հոդվածներով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և ապօրինի կերպով հրազեն գնելը, պահելը և կրելը։