«Այստեղ նացիստների առաջադրանքը կատարող լրտես է ապրում»․ գրառում ակտիվիստի տան դարպասին

Մարտի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Ակակի Սաղինաձեի տան դարպասին և մայթին անհայտ անձը հետևյալ գրառումն է արել. «Այստեղ նացիստների առաջադրանքը կատարող լրտես է ապրում»։

Ինքը՝ ակտիվիստը, կարմիր ներկով արված գրությունը կապել է իր հասարակական գործունեության հետ. Ակակի Սաղինաձեն մարտի 7-ի և 8-ի Քութայիսիի բողոքի ցույցերի կազմակերպիչներից էր։ Այս հանրահավաքներում քաղաքացիները բողոքեցին արագացված կարգով և առաջին ընթերցմամբ խորհրդարանի հաստատած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։

Սաղինաձեն չգիտի, թե ով է այդ գրառման հեղինակը, թեև ասում է, որ իր համար անընդունելի է արտահայտման նման ձևը։

«Այս խոսքը՝ լրտես, «Ազգային շարժումը» վարկաբեկելու հայտնի պրակտիկա է և բևեռացում ու ագրեսիա առաջացնելու ձև է»,- ասել է ակտիվիստը։

Ակակի Սաղինաձեն դեպքի մասին դեռ չի հայտնել ոստիկանությանը, նա պատրաստվում է դա անել հրապարակայնորեն` այսօր երեկոյան նախատեսված հանրահավաքում։

Նշենք, որ Թբիլիսիում ևս, Վրաստանի քաղաքացիական ակտիվիստների որոշմամբ՝ այսօր 19:00-ին կրկին հանրահավաք տեղի կունենա։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։