Վրաստանը լավագույնն է հեպատիտ C-ի դեմ պայքարում

Հեպատիտ C-ի դեմ պայքարում առաջին անգամ օրինակելի երկրի կարգավիճակ է տրվել Վրաստանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Վրացական պատվիրակությունն Ավստրիայում անցկացվող կոնգրեսի պատվավոր հյուրն է, որի կազմակերպիչներն են լյարդի ուսումնասիրության ուղղությամբ եվրոպական ասոցիացիան (EASL) և լյարդի միջազգային հիմնադրամը:

Կոնգրեսի նիստերից մեկը նվիրված էր Վրաստանի հաջողություններին: Նիստի ընթացքում Վրաստանին շնորհվել է «Հեպատիտի դեմ պայքարի օրինակելի երկրի» կարգավիճակ:

2015 թվականին Վրաստանում անցկացված հետազոտության համաձայն՝ բնակչության 8 տոկոսը համարվում է հեպատիտ C-ի կրող, ինչը համարվել է մարտահրավեր կառավարության համար: Բուժման կարիք է ունեցել 150 հազար մարդ: Մինչև 2015 թվականը հիվանդության բուժումը Վրաստանում բարդ էր կամ գրեթե անհնար: Մշակվել էր պետական ծրագիր, որում ներգրավվել է բնակչության 41 տոկոսը: 98 տոկոսի դեպքում հիվանդներին հաջողվել է բուժվել: