«Մնացե՛ք Եվրամիության ճանապարհին». ԵՄ դեսպանը՝ Վրաստանի քաղաքացիներին

Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է։ Վրաստանն առաջին անգամ այդ օրը նշում է որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր։ Վրաստանն այս կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին։

«Մնացե՛ք Եվրամիության ճանապարհին», — կոչ է անում Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ դիմելով Վրաստանի քաղաքացիներին:

«Ամեն տարի այս օրը մենք անդրադառնում ենք այն ճանապարհին, որը սկսվեց խաղաղության և համագործակցության տեսլականով և վերածվեց 27 երկրների ամենահաջող և բարգավաճ միության։ Նրանք ունեն տարբեր պատմություններ և մշակույթներ, բայց բոլորին միավորում են ընդհանուր արժեքներն ու ձգտումները»,- նշել է ԵՄ դեսպանը:

Դեսպան Հերչինսկին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակն անվանում է «իսկապես պատմական իրադարձություն մեր ընդհանուր եվրոպական ճանապարհին».

«Վրաստանի նպատակն է՝ դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, օգտվել անդամակցության բոլոր արտոնություններից, նաև ստանձնել այդ անդամակցությունից բխող բոլոր պարտականությունները։ Դրա համար Վրաստանը պետք է ամուր հավատարմություն ցուցաբերի Եվրամիության արժեքներին և իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները»:

2024 թվականի վերջին Եվրամիությունը կորոշի, թե արդյոք Վրաստանը կատարում է իր անդամակցությանն ուղղված հաջորդ քայլը և կսկսի բանակցային գործընթացը։ Ինչպես ասել է Հերչինսկին. «Այս հնարավորությունը կա հենց հիմա։ Բաց մի թողեք: Մեր միության դուռը վերջապես լայնորեն բաց է: Մենք սպասում ենք»:

Դեսպանի խոսքով, Եվրամիությունը ցանկանում է, որ Վրաստանն իր յուրահատուկ մշակույթով և ավանդույթներով դառնա ընտանիքի՝ Եվրամիության մի մասը. «Մնացե՛ք Եվրամիության ճանապարհին։ Եվ վստահ եղեք, որ մենք ձեզ հետ ենք այս ճանապարհին: Այսպիսով, եկեք տոնենք Եվրոպայի օրը և ձեռք ձեռքի տված մոտեցնենք Վրաստանը ԵՄ անդամակցությանը»:

Ի դեպ, այս տարի «Եվրոպայի օրը» նշվելու է մայիսի 11-ին: «Եվրոպայի օրը» նշելու համար Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հրավիրում է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոն: