Հայկական բեռնատարների կուտակումներ Լարսի ճանապարհին. ինչ է արվում իրավիճակը հարթելու համար

Արդեն 10 օրից ավել է հայկական բեռնատարները կանգնած են Թբիլիսիից դեպի Մցխեթա հատվածում՝ Զագեսիի մոտ, սպասում են Ռուսաստանի սահմանն անցնելու իրենց հերթին։ Տեղեկության համաձայն՝ տարածքում կուտակված է մոտ 300-400 բեռնատար, մեծ մասը հայկական, մի քանիսը բելառուսական համարանիշներով։

Վարորդներից Ռաֆայել Օգանեսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ արդեն 12 օր է, կանգնած են ճանապարհի եզրին, միայն երեկ է, որ 96 բեռնատար է բաց թողնվել դեպի Լարս.

«Արդեն 12 օր է կանգնած ենք, կան վարորդներ, որ 15-16 օր է ինչ կանգնած են։ 99 տոկոսը հայկական բեռնատարներն են, որոնք ցանկանում են հատել Ստեփանծմինդա-Լարսը, հասնել Ռուսաստան։ Պայմաններ էլ բավարար չկան, ջրի պակաս կա, պարենի, հացը անգամ կրկնակի թանկ են վաճառում։ Շատ դժվար է օրերով մի ձորակի մոտ կանգնած մնալ, որտեղ բեռնատարների ծայրն էլ չի երևում», — նշում է Օգանեսյանը։

Վարորդները դժգոհում են կանգնելու տեղից` նշելով, թե շատ անհարմար վայրում են կուտակվել բեռնատարները: Համաձայն տեղեկության՝ որոշ տեղերում կանգնելու համար էլ վարորդներից անգամ կանգնելավարձ են պահանջում, 1 օրվա համար 5 լարի։

«Ալիք մեդիան» կապ հաստատեց Վրաստանում Հայաստանի դեսպանության հետ, որտեղից պատասխանեցին, որ կուտակումների պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն ու ռուսական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են։

«Վերջին օրերին եղանակային անբարենպաստ և վտանգավոր պայմանների պատճառով առկա են կուտակումներ, սակայն երեկվանից սկսվել է հերթական կարգով բեռնատարների սահմանն անցկացումը։ Այսօր արդեն նախատեսվում է թողնել 250 բեռնատար։ Եթե եղանակային չնախատեսված պայմաններ չնկատվեն, ապա մոտ 1 շաբաթում բեռնատարների հերթերն ու կուտակումները կվերանան, առավելագույնը 10 օրում», — նշում են դեսպանատնից։

Նրանց փոխանցմամբ՝ այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետը օրական հատում է 300-400 բեռնատար։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը հայտնեց, որ միջազգային նշանակության Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Բեռնատարների երթևեկությունն անցակետում վերականգնվեց մայիսի 8-ի երեկոյան։ Երեկ արդեն վարչությունը հայտնեց, որ ավտոճանապարհին երթևեկությունն ընթանում է նորմալ ռեժիմով։