«Հայրենասերների դաշինքը» կմեկնի Մոսկվա

Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները մեկնում են Ռուսաստան: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին:

Ինաշվիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը որակել է, որպես արժանի հայտարարություն:

«Ռուսաստանի նախագահը շատ արժանի հայտարարություն արեց: Անձամբ ինձ այն շատ ուրախացրեց: Իրապես, վրաց-ռուսական հարաբերություններին պետք է խորապես մոտենանք և այս մոտեցումը մեզ բարեկեցություն կբերի: Մեր թիմի անդամներն առաջիկա օրերին կմեկնեն Մոսկվա: Ինչպես գիտեք՝ վիզաների չեղարկման համար մենք պայմանավորվել էինք, ինչպես նաև քննարկում էինք այլ հարցեր»,- հայտարարել է Ինաշվիլին:

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության պետական Դուման ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը` Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման ու դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:

Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն դեմ էր արտահայտվել՝ հայտարարելով, որ այդ որոշումը կայացրել է վրաց ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով: