Հեղեղում Կախեթիում. պայքար տարերային աղետի հետևանքների դեմ

Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելիի մունիցիպալիտետի Գավազ գյուղում պայքարում են տեղի ունեցած տարերային աղետի հետևանքների դեմ։

Ըստ տեղեկությունների՝ հունիսի 6-ին տեղացած հորդառատ անձրևից վարարած Փատմասուրի գետը դուրս է եկել հունից և հեղեղել գյուղի ճանապարհներն ու տների մի մասը։ Տեղեկությունների համաձայն, անկել են ընտանի թռչուններ և կենդանիներ, վնասվել են տների կահույքը և կենցաղային տեխնիկան։

Գավազցիների խոսքով, գետից ջրի հեղեղման պատճառը աղտոտված հունն է. խաթարված են նաև գյուղի ջրահեռացման համակարգերը:

Կղվարելիի մունիցիպալիտետի Գավազ գյուղում հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով։ Վնասվել են միամյա և բազմամյա բույսեր։

Ի դեպ, Կղվարելիի մունիցիպալիտետում աղետի գոտի ժամանած Կախեթիի նահանգապետ Գիորգի Ալադաշվիլին հերքել է որոշ բնակիչների այն հայտարարությունը, թե գետի հունն աղտոտված է, իսկ ջրահեռացման համակարգերը խաթարված են:

Նշենք՝ Փատմասուրի գետը պատկանում է հորդառատ գետերի կատեգորիային և վտանգ է ստեղծում անձրևների ժամանակ։ Գետը վարարել է նաև 2016 թվականին, որից տուժել էին տասնյակ ընտանիքներ։