Ինչ կարող է կորցնել Վրաստանը DCFTA-ից զրկվելու դեպքում. դիտարկումներ

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Եվրամիության որոշմամբ Վրաստանի հետ ազատ առևտրի գործընթացի կասեցման հավանականությունը:

Փորձագետներն այս հարցի շուրջ զուգահեռներ են անցկացնում` նշելով, որ ինչպես վիզային ազատականացման հնարավոր կասեցումը, այդ թվում` Վրաստանի որպես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի սառեցումը, այնպես էլ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) հնարավոր վերանայումը պատասխաններ են Վրաստանի ժողովրդավարական նահանջի և մարդու իրավունքների վատթարացման:

Ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական Միության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (DCFTA)

Եվրոպական Միության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու  համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի կարևոր մասն է կազմում, քանի որ ներառում է Եվրոպական Միության հետ տնտեսական ինտեգրման մեխանիզմը և բացում է ԵՄ ներքին շուկան Վրաստանի համար, գրել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը:

Վրաստանի ստորագրած այլ ազատ առևտրի համաձայնագրերից տարբերվող՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը նպատակ ունի ազատականացնելու ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների առևտուրը։ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը նաև ընդգրկում է առևտրին վերաբերող հարցերի լայն շրջանակ (օրինակ՝ սննդի անվտանգություն, մրցակցային քաղաքականություն, մտավոր սեփականության պաշտպանություն, ֆինանսական ծառայություններ և այլն) և նախատեսում է Վրաստանի առևտրին վերաբերող օրենսդրության աստիճանական մերձեցումը Եվրոպական Միության օրենսդրությանը։

Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս Վրաստանին աստիճանաբար ընդունել ԵՄ ներքին շուկայի չորս ազատություններից երեքը՝ ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը։ Չորրորդ ազատությունը՝ մարդկանց ազատ տեղաշարժը, հեշտացվում է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացով։

Հենց այս իրար լրացնող շրջանակների մասին են փաստում փորձագետները` նշելով, որ առանց վիզային ռեժիմի կասեցումն ուղղակիորեն կապված է ազատ առևտրի վերանայման գործընթացին:

Ի՞նչ է ներառում համաձայնագիրը

Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ներառում է հետևյալ գլուխները՝

  • Ապրանքների առևտուր
  • Առևտրի մեջ անվտանգության միջոցառումներ
  • Առևտրի տեխնիկական խոչընդոտներ, ստանդարտացում, չափագիտություն,
  • հավատարմագրում և համապատասխանության գնահատում
  • Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ
  • Մաքսային և առևտրային հեշտացում
  • Հիմնադրում, ծառայությունների առևտուր և էլեկտրոնային առևտուր
  • Ընթացիկ վճարումներ և կապիտալի շարժեր
  • Պետական ​​գնումներ
  • Մտավոր սեփականության իրավունքներ
  • Մրցակցություն
  • Էներգետիկ ոլորտում առևտրին վերաբերող դրույթներ
  • Թափանցիկություն
  • Առևտուր և կայուն զարգացում
  • Վեճի լուծում
  • Մոտարկման ընդհանուր դրույթներ

Ինչպես են գնահատում փորձագետները/քաղգործիչները

Վրացի որոշ փորձագետներ կարծում են, որ առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդությունը և ազատ առևտուրը արտոնություններ են, որոնք Վրաստանը ստացել է ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում, միաժամանակ նշում են, որ այժմ «Վրացական երազանք»-ը իր վարած քաղաքականությամբ հեռացնում է երկիրը տարիներ շարունակ ձեռք բերած ԵՄ արտոնություններից:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին ընդգծեց, որ, բնականաբար, Վրաստանի հետ ազատ առևտրի վերանայումը լավ արդյունք չի տա, և կհանգեցնի նրան, որ Վրաստանը կկորցնի այսօր ունեցած մեծ հնարավորություններն այս ոլորտում։

«Ցավալի է, բայց եթե այս կասեցումը տեղի ունենա, անշուշտ, բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսական վիճակի վրա և կհանգեցնի նրան, որ կկորցնի այսօր ունեցած առավելությունը»,- ասաց հանրային նախկին պաշտպանը` հավելելով, որ առանց վիզայի ճանապարհորդությունը և ազատ առևտուրը արտոնություններ են, որոնք Վրաստանը ստացել է ժողովրդավարական բարեփոխումների, Եվրամիության հետ մերձեցման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ջանքերի համար։

Նանուաշվիլին նկատեց. «Հիմա, երբ «Վրացական երազանք»-ը մերժում է այս հնարավորությունները և հեռացնում է երկիրը Եվրամիությունից, զարմանալի չէ, եթե Եվրամիությունը նույն կերպ արձագանքի կառավարությանը»:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է Վրաստանի ժողովրդավարական նահանջի և մարդու իրավունքների վատթարացմանն ի պատասխան միջոցառումներ, որոնց թվում է հենց DCFTA համագործակցությունը:

Նա ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հաշվի չի առնում վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները և ընդունում է օրենքներ, որոնք «ակնհայտորեն հակասում են եվրոպական արժեքներին», սակայն, իր խոսքով՝ ինքը չի հաշտվի Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունների կորստի հետ։


Նշենք. Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական ​​գործընթացը սկսվել է 2009 թվականին: Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական ​​գործընթացը սկսվել է Եվրոպական հանձնաժողովի ծառայությունների փաստահավաք առևտրային առաքելության Թբիլիսի կատարած այցով 2008 թվականի հոկտեմբերի 13-14-ը:

Այս այցի արդյունքում, 2009 թվականի մարտին, Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի կառավարությանը ներկայացրել է առաջարկություններ տարբեր ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ. առաջարկությունների համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը բանակցությունների մեկնարկի համար որպես առաջնահերթություններ է նշել հետևյալ չորս ոլորտները՝ առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ (սննդի անվտանգություն), մտավոր սեփականության իրավունքներ և մրցակցություն։

Վերոնշյալ ոլորտներում (բացառությամբ մտավոր սեփականության իրավունքների), Վրաստանի կառավարությունը մշակել է համապարփակ ռազմավարություններ՝ համաձայն Եվրոպական հանձնաժողովի պահանջի։