«Վրացական երազանքը» այսօրվանից սկսում է քարոզարշավը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այսօրվանից Կախեթիի շրջանում սկսում է  հանդիպել ընտրողների հետ և ներկայացնել մեծամասնական պատգամավորի թեկնածուին:

Առաջին հանդիպումը այսօր տեղի կունենա Թելավի քաղաքում: «Վրացական երազանքը» Թելավիի բնակչությանը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագաշվիլիին:

Թեկնածուի ներկայացմանը կմասնակցեն կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, վարչապետ Գիորգի Գախարիան, ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլին և կուսակցության այլ առաջնորդներ:

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: