Հետաքրքիր փաստեր Վարդատոնից. պատմում է Լևոն Չիդիլյանը

Մայիսի 29-ին Թբիլիսիում անցկացվելիք Վարդատոնը հարյուրամյակների պատմություն ունի։ Այն նշվում է ամեն տարի, մայիս ամսին` ի պատիվ Թբլիսիում գործունեություն ծավալած, ուշ միջնադարի հայ մեծ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի։

Այն մասին, թե ինչ խորհուրդ է կրում տոնն ու ինչպես է սկիզբ առել «Ալիք մեդիան» զրուցում է հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի հետ։

«Տոնը նշելու որոշումը կայացվել է Սայաթ-Նովայի ծննդյան 200-ամյակի օրը։ Հատկանշական է, որ աշուղի ծննդյան թվականը հստակեցված չէ, ոմանք ասում են, որ Սայաթ-Նովան ծնվել է 1712 թվականին, ոմանք՝ 1713-ին կամ 1714-ին, ուրիշներն անգամ 1720-ական թվականեր են ասում։ Սակայն, այնուամենայնիվ, որոշումը կայացվեց 1913 թվականին, Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ»,- պատմում է Չիդիլյանը` շարունակելով,- «Վերջինս Կովկասի հայ գրողների ընկերակցության նախագահն էր, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ փակված էր եղել Սայաթ-Նովան, նախաձեռնեց միջոցառում, հրավիրվեցին այն ժամանակվա լավագույն աշուղները, աշուղ Հազիրի գլխավորությամբ, և այդ ամբողջ օրը կատարեցին Սայաթ-Նովայի երգերը»։

«Վարդատոն», 1984 թ.

Չիդիլյանն ասում է, որ Սայաթ-Նովայի անվամբ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում Շիրմաքար կանգնեցնելուց հետո «Վարդատոն» նշելը դարձել է ավանդույթ․

«Արդեն 1914 թվականին Գևորգ Բաշինջաղյանի նախագծով կառուցվեց շիրմաքարը, որը մինչև այսօր կանգուն է Սուրբ Գևորգ եկեղեցու մուտքի աջ կողմում։ Հենց այս թվականից ի վեր ավանդույթ դարձավ նշել Վարդատոնը», — հայտնում է նա։

Թե ինչու տոնը կոչվեց հենց այսպես, Չիդիլյանը պարզաբանում է․

«Տոնի անունը, Վարդատոն, կապված է նրա հետ, որ մայիսի կեսերին Թբիլիսիում ծաղկում է վարդը, և տոնի խորհուրդը կայանում էր նրանում, որ ամեն մարդ, ով գալիս է նշելու այս օրը, իր հետ բերի մեկ հատ թարմ վարդ։

«Վարդատոն», 2015 թ.

Տոնն այն ժամանակներից գրեթե անխափան հասել է մեզ, իհարկե պարբերաբար փոխվում են տոնի ձևաչափը և մասշտաբները, սակայն խորհուրդը նույնն է»։

Պատմելով Վարդատոնի հետ կապված իր հուշերի մասին, հասարակական գործիչը նշում է, որ առաջ ավելի մեծ խանդավառությամբ էր տոնը նշվում․

«Շատերն են այս ավանդույթին հավատարիմ, մարդիկ գիտեն, որ ամեն տարի մայիսի վերջին կիրակին վարդատոն է։ Այսօրը հավաքվում էին բոլոր հայերը` ևս մեկ անգամ ունկնդրելու Սայաթ-Նովայի երգերը, հանդիպելու մեկը մյուսին․․․

Իմ մանկության և երիտասարդության ժամանակ ավելի խանդավառությամբ էր տոնվում այս տոնը, ցավոք սրտի հայերի մի մասը հեռացած են իրենց արմատներից, գուցե այս Վարդատոնն իրենց համար կարևորություն չունի, ոչ էլ այլ հայկական կարևոր միջոցառումները և տոները», — ասում է Չիդիլյանը:

Նա ընդգծում է, որ «Վարդատոնը» ընդամենը տոն կամ միջոցառում չէ, այն կարևոր դեր և նշանակություն ունի Վրաստանում հայ համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչի համար․

«Եթե հանկարծ Վարդատոնը կորչի, մարդիկ սկսեն չտոնել այն, կմարի մեր հայ համայնքի կարևոր փարոսներից մեկը։ Գլխավորը շարունակվի այս միջոցառումը և սերունդներն այն տոնեն մեծ շուքով, ավելի հետաքրքիր դարձնեն, այն, ինչ չեն արել նախորդ սերունդները` արվի հետագայում»։

Լևոն Չիդիլյանը նաև կիսվում է իր փորձով` նշելով, որ երբ նա էր կազմակերպում Վարդատոնը, մի հստակ առաջադրանք էր դնում իր առջև, որպեսզի վարդատոնին հնչեն միայն և միայն Սայաթ-Նովայի երգերը, իսկ պարերը լինեն միայն մեծն աշուղի երգերի ներքո։

Նշենք, որ Մայիսի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 108-րդ ավանդական «Վարդատոնը»:

Տոնը կազմակերպում է «Վիրահայերի Միությունը»` Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աջակցությամբ։

Միջոցառման ինֆորմացիոն գլխավոր գործընկերներն է «Ալիք մեդիան»։

Կարդացեք նաև՝

Ինչ է խոստանում «Վարդատոնն» այս տարի