ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումը հետաձգվում է

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հետաձգում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված սեպտեմբերի 21-ի միջոցառումը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Տեղեկացնում ենք, որ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որոնց թվում են երեխաներ և կանայք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը ստիպված է հետաձգելու Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 21-ին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ կեսօրից Ադրբեջանի սկսած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվն անցել է 30 -ը, վիրավորներինը՝ 200-ը։

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ Ստեփանակերտն ընդունել է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին։