ՀՀ նախագահը վրաց գործընկերոջը նամակ է ուղղել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին:

Սարգսյանը շնորհակալություն է  հայտնել ջերմ հյուրընկալության համար, իսկ թբիլիսյան  այցի շրջանակներում բանակցությունները որակել է կառուցողական: Նախագահը նշել է, որ հանդիպումն անցել է երկկողմ վստահության մթնոլորտում, Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացման նոր բևեռներ է նախանշել:

Ըստ Սարգսյանի` երկու երկրներն ընդհանուր հետաքրքրություններ ունեն ու զարգացման հեռանկարներ` տեխնոլոգիայի, կրթության, գիտության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, տրանսպորտի ոլորտներում:

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը Վրաստանում էր ապրիլի 15-16-ին: Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել էր վրաց գործընկերոջը, Վրաստանի խորհրդարանի խոսնակին, հոգևոր առաջնորդին, հեռախոսազրույց ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ (հանդիպում չի եղել, քանի որ Ղարիբաշվիլին կորոնավիրուսից տնային բուժում էր ստանում) վերջինս փոխանցել էր, որ Հայաստան այց է ծրագրում: