ԱՄՆ ռազմական խմբի (U.S. Military Group) ներկայացուցիչները Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը փոխանցել են 234 հազար 150 ԱՄՆ դոլար արժողությամբ հրդեհաշիջման և հաղորդակցության սարքավորումներ:
ԱՄՆ ռազմական խմբի պատվիրակությանը և դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հյուրընկալել են ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մղեբրիշվիլին:
«Վրացական կողմը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին ցուցաբերած աջակցության համար: Փոխնախարարը նշեց, որ փոխանցված հատուկ տեխնիկան և սարքավորումները զգալիորեն կամրապնդեն հրշեջ-փրկարարների օպերատիվ կարողությունները և կնպաստեն երկրի ողջ տարածքում արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքմանը:
Պատվիրակության անդամները նաև այցելեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի շենք և տեղում ծանոթացան կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին ու արտակարգ իրավիճակների արձագանքման գործընթացի առանձնահատկություններին», — ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: