Հունվարին կունենանք օմիկրոնով պայմանավորված դեպքերի աճ. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի պատճառով հունվարին սպասվում է կորոնավիրուսային դեպքերի լուրջ աճ։

Գամկղրելիձեի խոսքով, Վրաստանում այսօր արդեն նկատվում է «օմիկրոնի» ներքին տարածում, որոնց թվում կան երկու անգամ պատվաստված քաղաքացիներ, սակայն ավելի քիչ է հանդիպում խթանիչ դեղաչափով պատվաստվածների մոտ՝ ընդամենը 8 քաղաքացի։

Ըստ Գամկղրելիձեի՝ վարակվածների շրջանում քիչ են հոսպիտալացումները, դեկտեմբերի 5-ին կորոնավիրուսի նոր ենթատեսակով արձանագրված վարակման 159 դեպքից 5-ը տեղափոխվել են կլինիկա, որից 3-ը՝ քրոնիկ հիվանդություն է ունեցել։

«Եթե ​​առաջին դեպքերի հայտնաբերումը վերցնենք դեկտեմբերի 13-ից 19-ը, ապա, առաջին շաբաթվա ընթացքում՝ 18, երկրորդում՝ 58, երրորդում՝ 74, իսկ հիմա՝ հունվարի 3-ից մինչև 5-ն ունենք լրացուցիչ 103 դեպք»,- ասել է Գամկղրելիձեն՝ հավելելով, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ է նոր գրոհի։

Միաժամանակ, Ամիրան Գամկղրելիձեն գնահատում է նաև նոր շտամի մասին կարծիքները և հավելում, որ չի բացառվում, որ «օմիկրոնը» կարող է դառնալ համավարակի ավարտի սկիզբը։

Նորայր Միսկարյան