Կենտրոնամետ և աջակողմյան կուսակցությունների միջազգային դաշինքը՝ Միջազգային ժողովրդավարական միությունը (International Democracy Union IDU), Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս տեղեկությունը` բանաձևի տեքստի հետ միասին, սոցիալական ցանցերում տարածել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության արտաքին գործերի հանձնակատար Զուրաբ Ճիաբերաշվիլին։
Բանաձևը պահանջում է Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել, անվերապահորեն ազատ արձակել եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին և պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառածներին։ Պահանջների շարքում են նաև պատժամիջոցների կիրառումը և «Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ ու օլիգարխ Բիձինա Իվանիշիվիլիին պատկանող «Քարթու բանկ»-ը SWIFT և Visa/MasterCard ցանցերից անջատումը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հետաքննել բոլոր պաշտոնյաների և ոստիկանների գործողությունները քաղաքացիական հասարակության և քաղաքական հակառակորդների դեմ», — նշված է բանաձևում:
IDU-ի անդամներն են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ԵՊՌ) կուսակցությունները։ ՄԱՇ-ը IDU-ի անդամ է 2007 թվականից։
Եվրոպական խորհրդարանը մի քանի կարևոր բանաձևեր է ընդունել, որոնցով պատժամիջոցներ է պահանջում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ։
Նման բանաձևերը, ըստ «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների, «արժեք չունեն»։