Իմ գյուղը. Հեշտիա

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:

Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ, որը Ջավախք ենք անվանում: Մի փոքրիկ թագավորություն՝ գեղեցիկ բնությամբ, հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ, հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով: Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է՝ բնակեցված հայերով:

Հենց այստեղ` Նինոծմինդայի շրջանում, լեռների ու հրաշագեղ բնության գրկում է գտնվում իմ գյուղը՝ Հեշտիան:

ՀԵՇՏԻԱ, ընդամենը վեց տառ, բայց այս տառերի մեջ ամփոփված է մի ամբողջ ժողովրդի ապրած կյանք: Հայրենիք, որը հիմնադրման օրվանից ապրել է ու դեռ ապրելու է բազում բարձրունքներ` իր արժանի զավակների շնորհիվ:

Հնարավոր է, շատ մարդկանց համար այն ուղղակի բնակավայր  է, ուղղակի բնություն, բայց երբ եղել ես այս չնաշխարհիկ վայրերում, իսկույն զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը, ամուր կանգնել ես հողին, երբեք  չես մոռանա այս հիասքանչ գյուղը:

Հեշտիան Ջավախքի այն գյուղերից մեկն է, որը կարող է հետաքրքրել տուրիստներին իր պատմությունով, ծաղկուն ու գունեղ բնությունով և տեսարժան վայրերով:

Գյուղում գործում է Սուրբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին, որը կառուցվել է 1856 թվականին: Այսօր ավելի քան երբեւէ մեր եկեղեցին իր ժողովրդի հետ ամուր ու հաստատուն կանգնած է հողի վրա, զարդարուն Աստվածային շնորհներով, որն էլ ամեն կիրակի հավաքում է համագյուղացիներին իր շուրջը և սկսում է Սուրբ պատարագը: Եկեղեցու հարակից տարածքով անցնելիս հնարավոր չէ չնկատել այդ հմայքը, այն գյուղը դարձնում է ավելի ու ավելի գեղեցիկ իր տեսքով, գյուղին նոր շունչ ու նոր ոգի տալիս:

Գյուղն ունի հետաքրքիր պատմություն ու մշակույթ, ավանդույթներ, որոնք վստահ եմ` կհետաքրքրի յուրաքանչյուր անցորդի:

Այն աղբյուրները, որում հոսում է համեղ ու անմահական սառնորակ ջուրը, չես կարող մի կում խմելուց հագենալ, հերիք է ապրես այս գյուղում ու լսես Խալաչ, Իրեք լուլա, Հոնոի, Պալ տքու ու Ցվրդան աղբյուրների անուշ ու քչքչան ձայնը: Հենց այս քաղցրահամ ջուրն էլ հանդիսացել է պատճառ, որ գաղթականները այստեղ կանգ առնեն ու բնակություն հաստատեն: Հենց այս պահին Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծությունը եկավ մտքիս.

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր է բխում սառնորակ

ՈՒ ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ է դառնում:

Նաև գյուղն  ունի հայ բանաստեղծ, արձակագիր ու մանկավարժ, Վրաստանի գրողների միության անդամ՝ Վիկտոր Հովսեփյանը, իր անունով էլ անվանել էնք մեր գյուղի առաջին դպրոցն ու Նինոծմինայի փողոցը: Այստեղ է գտնվում Հովսեփյանի տուն թանգարանը, որը իր հերթին դասվում է գյուղի տեսարժան վայրերի շարքում, որտեղ ամեն տարի հավաքվում են գյուղի բնակիչները և նշում նրա պոեզիայի օրը:  Ինչպես նաև նրա գրչին են պատկանում Հեշտային նվիրված այս տողերը.

Հեշտիան հեշտագին արբունք-հեշտանք է,

Գիշերների մեջ տամուկ մի շեր,

Կապույտ մուժի տակ տաք վերհուշանք է,

Գորտերի երգում ճոճվող գիշեր:

Աղբյուրի ծիծաղ, ասուպի խաղ է,

Մարգերի թույր է հաշիշաբույր,

Մշո մի փշուր, Բյուրակնի տաղ է,

Կիսատ աղոթք է, կիսատ համբույր:

Գյուղը գտնվում է Աբուլ սարի փեշերի տակ ու չորս կողմից վեր են խոյանում գյուղի պահապան սարերը իրենց սրբատեղիներով։ Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած: Եվ այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն է ինձ սնում:

Այսպիսով, գյուղը զարգանում է, ինչը նպաստում է արտերկիր տեղափոխված մեր համագյուղացիների վերադարձին:

Հեշտիան վայր է, ուր անշուշտ անհրաժեշտ է այցելել, այն մի փոքրիկ աշխարհ է, ուր յուրաքանչյուր անձ պետք է գա ու իր սեփական աչքերով տեսնի ու զգա այս սքանչելի վայրի առանձնահատկությունն ու չքնաղությունը:

Մեզ համար մի մեծ բավականություն ու հաճույք է ապրել այստեղ, շնչել հարազատ դարձած մաքուր օդը, խմել աղբյուրի պաղ ջուրն ու բնակվել գեղեցկության գրկում:

Հեղինակ՝ Էլլա  Տեպիկյան