«Իմեդի» հեռուստաընկերության գործունեությունը ԵԽ-ն մեկ տարով արգելել է

Կառավարամետ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ հեռուստաալիքը պաշտոնական նամակ է ստացել Եվրոպական խորհրդարանից, որի համաձայն՝ «Իմեդի»-ին մեկ տարի ժամկետով արգելվում է գործունեություն իրականացնել Եվրոպայի խորհրդարանում: Լրատվամիջոցի տեղեկությամբ՝ այդ որոշումն ընդունվել է «Իմեդիս կվիրա» (Իմեդիի շաբաթ) հաղորդման ընթացքում հեռարձակված ռեպորտաժից հետո:

Ըստ հեռուստաալիքի՝ Մոլդովան ևս մերժել է երեք վրացական հեռարձակողների հավատարմագրումը: «Իմեդի»-ն, «Ռուսթավի 2»-ը և «POSTV»-ն չեն կարողանա լուսաբանել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցելու է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Իմեդի»-ն հրապարակել է նաև այն նամակը, որտեղ նշված լրատվամիջոցներին մերժվել է հավատարմագրումը.

«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 135-րդ նիստի լուսաբանման համար հավատարմագրման հայտերը քննարկել են իրավասու մարմինները՝ գործող ազգային օրենսդրության և Մոլդովայի Հանրապետությունում օտարերկրյա լրագրողների հավատարմագրման կանոնակարգի համաձայն: Գործընթացը ներառում է ստանդարտ գնահատման ընթացակարգ բոլոր դիմորդների համար: Այս քննարկումից հետո ձեր հայտը չի հաստատվել»,- ասված է նամակում: