Ինչ փոփոխություններ են կատարվել վարորդական իրավունքի ստացման կանոններում. ամփոփ

Վրաստանում վարորդական վկայական ստանալու կանոնները պարզեցվել են. ներքին գործերի նախարարի նոր հրամանով՝ քննական պահանջները փոխվել են հօգուտ թեկնածուների:

Մասնավորապես, թեթև մարդատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ B կատեգորիայի և B1 ենթակատեգորիայի վարորդական իրավունքի ստացումը պարզեցվել է։ Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին մայիսի 20-ին արձակել է համապատասխան հրամանագիր։

Երեկվանից՝ մայիսի 21-ից, քննություն հանձնողի տեսական քննությունը հանձնված կհամարվի, եթե նա 30 հարցից 25-ին ճիշտ պատասխանի։ Մինչ այս, քննությունն անցնելու համար անհրաժեշտ էր առնվազն 27 ճիշտ պատասխան։

Փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի հունիսի 15-ից

• Նոր կանոնի համաձայն՝ նվազել է տեխնիկական կամ հուզմունքի պատճառով թույլ տրված սխալների պատճառով քննության ժամանակից շուտ դադարեցման ռիսկը։ Գործնական քննության երկրորդ փուլում, որը ենթադրում է մեքենայի վարում քաղաքում, քննողը թեկնածուին սխալն ուղղելու համար կտա «ողջամիտ ժամկետ» և կհուշի (օրինակ՝ «խնդրում եմ, ևս մեկ անգամ ստուգեք պատրաստվածությունը երթևեկության համար»): Սխալը պաշտոնապես կֆիքսվի միայն այն դեպքում, եթե թեկնածուն հուշումից հետո էլ չկարողանա կանոնը պատշաճ կերպով կատարել։

• Թույլատրելի թեթև սխալների քանակը 12-ից հասցվել է 15-ի։ Մինչև հիմա գործող կանոնով վարորդի թեկնածուն գործնական քննությունից կտրված էր համարվում 12 թեթև սխալ թույլ տալու դեպքում։ Նոր հրամանով այս լիմիտը հասնում է 15-ի։ Դրան համապատասխան՝ բացասական գնահատական թեկնածուն կստանա միայն 15 կամ ավելի թեթև սխալներ կուտակելու դեպքում։

Գործնական քննության երկրորդ փուլի հերթում տեղերն ավելի արդարացիորեն բաշխելու նպատակով Սպասարկման գործակալությունն իրավասու է դառնում մշակել հատուկ ալգորիթմ։

Համակարգը կվերլուծի թեկնածուների տվյալները և ամրագրման ժամանակ առաջնահերթություն կտա նրանց, ովքեր քննությանը մասնակցում են առաջին անգամ, մինչ այժմ քիչ փորձեր ունեն ֆիքսած կամ երկար ժամանակ են սպասում հերթագրմանը

Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է անցնել երեք փուլ.

1. Թեստավորում (տեսական քննություն),

2. Քննություն ՆԳՆ-ի հատկացրած փակ տարածքում (հրապարակ),

3. Քննություն քաղաքում։

ՆԳՆ սպասարկման գործակալության տեղեկացմամբ՝ մայիսի 22-ից, գործնական քննության առաջին փուլը (հրապարակը) հաջողությամբ հանձնելուց հետո, թեկնածուն անմիջապես կկարողանա գրանցվել «քաղաքի քննության» համար։

Հաջորդ ամեն մի փուլին անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել սահմանված նվազագույն շեմը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության հաղորդմամբ՝ սույն թվականի հունիսից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու ոչ պլանային (արտահերթ) գործնական քննությունները կանցկացվեն միայն շաբաթ օրերին, իսկ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ` քաղաքացիները կկարողանան օգտվել միայն պլանային քննություններից:

Փոփոխությունը կիրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիների շահերը և նպատակ ունենալով բարձրացնել ծառայության հասանելիությունը:

Մինչ այժմ գործնական քննություն հանձնել հնարավոր էր երկուշաբթիից շաբաթ ներառյալ՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային (250-լարիանոց) ծառայության միջոցով:

«Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիս ամսից, քաղաքացիների շահերից ելնելով և հասանելիությունը մեծացնելու նպատակով, վարորդական իրավունքի գործնական քննության հետ կապված կարևոր փոփոխությունն ուժի մեջ կմտնի:

Մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը եթե քաղաքացիները հնարավորություն ունեին երկուշաբթիից շաբաթ օրերին օգտվելու ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային (250 լարիանոց) գործնական քննություններից, ապա փոփոխությունից հետո երկուշաբթիից ուրբաթ կանցկացվեն միայն պլանային քննություններ: Քաղաքացիները ոչ պլանային քննություն հանձնելու հնարավորություն կունենան միայն շաբաթ օրերին:

Այստեղ նաև նշենք, որ ոչ պլանային քննությունների քվոտան ամբողջությամբ կավելացվի պլանային քննություններին»,- հայտնել են գործակալությունից:

Հատկանշական է, որ պարզեցվում է վարորդական քննություն հանձնելու գործընթացը նաև այն թեկնածուների համար, որոնց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար սահմանված 365-օրյա ժամկետը լրանալու է։

Գործակալության հաղորդմամբ՝ վարորդական իրավունք ստանալու համար սահմանված 365-օրյա ժամկետը լրանալուն մոտ գտնվող վարորդական թեկնածուները կարող են օգտվել քննությունը հանձնելու հնարավորությունից՝ գրանցվելով գործակալության թեժ գծի (1272) միջոցով:

Ի դեպ, մնացած դեպքերում գրանցումը հնարավոր է միայն էլեկտրոնային տարբերակով: