Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը, հատկապես օտարերկրացիների համար, ունի որոշակի պահանջներ, այդ թվում՝ քննություն հանձնելը: Այս գործընթացը կարգավորվում է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքով։
Քաղաքացիություն ստանալու համար քննություն է պահանջվում։
Ընդհանուր կարգով քաղաքացիություն ստանալու համար դիմորդը պետք է ապրի Վրաստանի տարածքում օրինական վերջին 10 տարվա ընթացքում։ Նաև պահանջվում է.
• Վրացերենի իմացություն. պետք է տիրապետել վրացերենին այն ծավալով, որը բավարար է պետական մարմիններում, նաև առօրյա կյանքում հաղորդակցվելու համար։ Սա սովորաբար գնահատվում է որպես B1 կամ B2 մակարդակի իմացություն։
• Վրաստանի պատմության հիմնական դրույթների իմացություն. պետք է տեղյակ լինել երկրի պատմության հիմնական փուլերին և կարևոր իրադարձություններին։
• Վրաստանի օրենքի (Սահմանադրության) հիմնական դրույթների իմացություն. պետք է տեղյակ լինել Վրաստանի Սահմանադրության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վերաբերյալ հիմնական սկզբունքներին։
Քննությունը սովորաբար անցկացվում է գրավոր և բանավոր ձևաչափերով և ուղղված է գնահատելու դիմորդի ինտեգրումը վրաց հասարակությանը։
Հիմնական պահանջները (ընդհանուր կարգ)
Այս թեմայով «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհիներից մեկի՝ Աննա Դարբինյանի հետ։
Նա նույնպես Վրաստանի քաղաքացիություն է ստացել վերոնշյալ քննությունը հանձնելուց հետո և պատմեց իր փորձի մասին։ Ուսուցչուհին Հայաստանից է, պատմեց, որ երկար ժամանակ որևէ երկրում բնակվելու ընթացքում ինքնաբերաբար բխում է քաղաքացիություն ստանալու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցված միտքն էլ դարձել է իր կայացրած որոշման հիմնական պատճառը։
«Կարծում եմ, երբ բնակվում ես որևէ երկրում, այդ երկրի քաղաքացիություն ունենալը խիստ անհրաժեշտություն է։ Հենց այս միտքն էլ դարձել է նման որոշում կայացնելու պատճառը։
Ինձ համար որոշակի դժվարություն էին ներկայացնում Վրաստանի պատմության թեստերը, որովհետև մեծամասամբ անծանոթ դեպքերի մասին էին, իսկ մյուս հարցերով որևէ դժվարություն չկար, — ասաց Դարբինյանը։
Քաղաքացիություն ստանալու ճանապարհը, ըստ մեր զրուցակցի, բաղկացած է մի քանի հաջորդական փուլերից. նախ՝ քննության համար գրանցումն ու պատրաստվելու գործընթացն է, այնուհետև՝ քննության անցկացումը։ Քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո սկսվել է նոր փուլ՝ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում, քաղաքացիության դիմումի լրացում և հանձնում։ Դրան հաջորդել է հարցազրույցը, որի ավարտից հետո, նրա խոսքով, սկսվել է անորոշ սպասման շրջան։ Տեղեկությունը վերջնական որոշման մասին քաղաքացին ստանում է հաղորդագրությամբ։
Ուսուցչուհին ընդգծեց, որ պատրաստվելիս ակտիվ աշխատել է թեստերով, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա։ Նրա փորձով՝ դիմումների պատասխանները սովորաբար ստացվում են մոտ 80 օրվա ընթացքում։
«Քաղաքացիություն ստանալ ցանկացողներին խորհուրդ կտամ չվախենալ։ Դժվար բան չկա»,- ասաց նա։
Լրացուցիչ մանրամասներ
Բացի քննությունից, դիմորդը պետք է ունենա.
• Մշտական բնակություն. բնակվի Վրաստանում օրենքով սահմանված կարգով առնվազն 10 տարի (քաղաքացիության համար դիմելու պահից առաջ)։
• Աշխատանք կամ գույք՝ ունենա աշխատանք Վրաստանում կամ անշարժ գույք, կամ ձեռնարկատիրական գործունեություն Վրաստանի տարածքում, կամ բաժնետոմսեր վրացական ձեռնարկությունում (նվազագույն ապրուստի միջոցներ ապահովող):
Քաղաքացիություն ստանալը պարզեցված կարգով (ամուսնության հիմքով)
Եթե դիմորդը ամուսնացած է Վրաստանի քաղաքացու հետ և ապրել է Վրաստանում 5 տարի, նա կարող է դիմել պարզեցված կարգով։
• Պահանջվում է քննություն. այս կարգով դիմելիս ևս պահանջվում է վրացերենի, պատմության և օրենքի հիմնական դրույթների իմացության քննություն։
Նշենք. ըստ տվյալների` 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3587 անձի, որոնց մեծ մասը Ռուսաստանից (2361), Գերմանիայից (251) և Ուկրաինայից (175) էին, ինչը 476-ով ավելի է 2023 թվականից։ 2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի Հանրապետության 131 քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում 1592 անձ կորցրել է քաղաքացիությունը` հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով (802 դեպք)։