Ինչու տուժած ցուցարարի վիրահատությունը չի ֆինանսավորել պետությունը

«Վրացական երազանք»-ի կառավարության առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հայտարարության համաձայն՝ բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Ալեքսանդրե Թիրքիայի վիրահատության ֆինանսավորումը կլինիկան մերժել է փաստաթղթերի սխալ բեռնման պատճառով։

Սարջվելաձեի խոսքով, երբ կլինիկան ճիշտ վերբեռնի փաստաթղթերը, կան բոլոր հիմքերը, որ այդ անձը ստանա ֆինանսավորում։

«Կլինիկաներից մեկի, բժիշկների կամ անձնակազմի անփութության պատճառով դիմումը և ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը սխալ ուղղությամբ են ուղարկվել։ Մասնավորապես, փաստաթղթերը սխալ են վերբեռնվել համընդհանուր առողջապահության ծրագրին։ Այսկերպ ֆինանսավորում չի տրամադրվում։ Սա հայտնի է և՛ կլինիկային, և՛ աշխատակիցներին, որոնք այդ փաստաթղթերը սխալ տեղում և սխալ ձևով են վերբեռնել», — պարզաբանել է Սարջվելաձեն։

Նրա խոսքով, Թիրքիային անհրաժեշտ բժշկական ծառայություններն արդեն ֆինանսավորվել են։

Թիրքիայի շահերը ներկայացնող «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի ղեկավար Թամթա Միքելաձեն սոցիալական ցանցում գրել է, որ առողջապահության նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Ալեքսանդրե Թիրքիայի վիրահատությունը։

Թիրքիան վիրավորվել էր 2024 թվականի դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան՝ Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու ժամանակ։ Ըստ վարկածի՝ նա աչքին հարված է ստացել «գազի կապսուլաներից»։ Վիրավորը բուժում էր ստանում Ինգորոկվա կլինիկայում։ Երբ նրան հիվանդանոց էին ընդունել, գլխամաշկին բաց վերք կար, ճակատային ոսկորի և ակնախոռոչի կոտրվածք, նաև` ուղեղաթաղանթից արյունահոսություն։ Վիրահատությունից և վերակենդանացման բաժանմունքից հետո Ալեքսանդրե Թիրքիան դեկտեմբերի 19-ին դուրս է գրվել կլինիկայից։

Այդ ժամանակ Թիրքիայի հորեղբայրը՝ Իոսեբ Չանադիրին, ասել էր, որ պետությունը հոգացել է կլինիկայում բուժման ծախսերը, և ընտանիքը խոստում է ստացել, որ պետությունը կվճարի նաև վերականգնողական բուժման համար։

Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 28-ին, այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չներառել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը և մինչև 2028 թվականի վերջը հրաժարվել ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Սակայն «Վրացական երազանք»-ի կառավարությունը պնդում է, որ նպատակը մնում է Վրաստանի մինչև 2030 թվականը Եվրամիությանը անդամակցելը։ Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 168 օր։