Իրակլի Կոբախիձեն ցավակցական ուղերձ է հրապարակել

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցական ուղերձ է հրապարակել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Նրա հայտարարության համաձայն՝ Պատրիարքի մահով «ավարտվեց Մայր եկեղեցու և վրացական պետության պատմության մի մեծագույն դարաշրջան»։

Վարչապետն ընդգծել է Իլիա II-ի դերը երկրի համար բեկումնային ժամանակաշրջանում և նրան անվանել ազգի միասնության խորհրդանիշ։

«Նրա մահով ավարտվեց մեր Մայր եկեղեցու և վրացական պետության պատմության մի մեծագույն դարաշրջան։ Նորին Սրբության հովվապետության շրջանը համընկավ մեր երկրի համար ամենադժվար, բեկումնային տարիների հետ։ Այս պատմական ճանապարհին նա մշտապես մնաց ազգի հոգևոր առաջնորդը և միասնության խորհրդանիշը։ Պատրիարքն իր իմաստությամբ, մերձավորի հանդեպ սիրով, անսահման համբերատարությամբ և ներելու ունակությամբ կարողացավ ամրապնդել հավատքը մեր սրտերում։

Նորին Սրբության վաստակն ավելին է զուտ հոգևոր չափումից։ Ազգային ինքնության պահպանման, ավանդույթների փրկության և պետականության ամրապնդման գործում Իլիա II-ի ավանդն անգնահատելի է։ Աստծուն, հայրենիքին և մարդուն անձնվեր ծառայությամբ նա հավերժ իր տեղն է զբաղեցրել մեր բազմադարյա պատմության մեծագույն գործիչների շարքում։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Վրաստանի առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցուն, Սուրբ Սինոդին, եկեղեցականներին, հավատացյալներին և յուրաքանչյուր համաքաղաքացու։ Մեր և ապագա բոլոր սերունդների պարտքն է արժանապատվորեն պահպանել մեր հոգևոր հոր մեծագույն ժառանգությունը։
Հավերժ լինի նրա հիշատակը», — գրել է Կոբախիձեն։

Հիշեցնենք. 93 տարեկան հասակում, գահակալության 49-րդ տարում, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ի երեկոյան՝ հիվանդանոցում։