Վրաստանում ռուսների համար վտանգավոր է. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

Պոզները եկավ-գնաց, բայց նրա այցի շուրջ աղմուկը չի դադարում։ Շարունակում են քննարկել թե’ Վրաստանում, թե’ Ռուսաստանում։ Ռուս լրագրողը լուռ է. նա ասել էր` ով կազմակերպեց այս ներկայացումն, արժանի չէ, որ խոսեմ, դրա համար կլռեմ։ Նրա փոխարեն խոսել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովն ասել է, թե` «Վրաստանը ռուս քաղաքացիների համար վտանգավոր է։ Վտանգավոր է այնտեղ այցելել, եւ մեր քաղաքացիները պետք է դա հստակ գիտակցեն»։ Պեսկովը շնորհավորել է Պոզներին, ասել, որ ավելի լավ է ծնունդը տանը նշել` Ռուսաստանում, այդպես ապահով է։

Աբխազիայի ղեկավարությունն արդեն  Պոզներին հրավիրել է Աբխազիա։

Վրաստանում ևս լրագրողի այցի հետ կապված քննարկումները շարունակվում են։ Վարչապետ Ղարիբաշվիլին ասել էր, որ ամաչում է կատարվածի համար` կազմակերպիչների փոխարեն։ Պոզները որպես ԱՄՆ-ի քաղաքացի է այցելել Թբիլիսի և ոչ առաջին անգամ, չի խախտել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին օրենքը։ Ընդդիմադիրներն այս կարծիքը չեն կիսում, համարում են, որ Կրեմլի շահերն ու քարոզչությունը ներկայացնողը Վրաստանում տեղ չունի (ակցիայի ակտիվիստները մատնացույց են անում Պոզների մի հաղորդմանը, որում նա ասել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան երբեք չեն լինի Վրաստանի կազմում):

Կարծիքները կիսվել են նաև սոցցանցերի վրաստանյան հարթակներում։ Օգտատերերի մի մասը հոգով-սրտով ակտիվիստների հետ է, մյուս` համեմատաբար ավելի փոքր մասն ամաչում է կատարվածի համար։

Հանրային մեծ հետաքրքրությունը ստիպել է Ներքին գործերի նախարարությանը` հրապարակել Պոզներին նշանակված տուգանքի անդորրագիրը։ Հիշեցնենք` լրագրողն ու նրան ուղեկցող 40 հոգանոց պատվիրակության մեծ մասը Թբիլիսիում տուգանվել է` կարանտինի կարգը խախտելու համար։

Տուգանք կվճարի նաև հյուրանոցը, որտեղ հյուրերին ուշ ընթրիք էր մատուցվել։