Վրաստանը գնել է չինական պատվաստանյութ. այն Pfizer-ից թանկ է

Ապրիլի 3-ին Վրաստան կբերվի չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերի 100 հազար խմբաքանակ։ 

Ներկայումս Չինաստանը 5 պատվաստանյութ է արտադրում, երկուսն արդեն գործածվում է միջազգային մակարդակով ու մեծ մասշտաբներով։

Վրաստանը գնել է Sinopharm, իսկ  Sinovac-ի 100 հազար չափաբաժինը նվեր է երկրին` տեղեկացրել է հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Երկրի թիվ մեկ համաճարակաբանն ասել է, որ Չինաստանում այս պատվաստանյութերով արդեն 80 միլիոն մարդ է պատվաստվել,  այն օգտագործում են Միացյալ Արաբական Էմիրությունները, Թուրքիան, Հունգարիան, Սերբիան, Հարավային Ամերիկան, Բրազիլիան, Չիլին։

Գամկրելիձեն ասել է, որ պատվաստանյութի գները տատանվում են` ըստ երկրների, ու համաշխարհային շուկայում դեղամիջոցների մեծ դեֆիցիտ է։ Աստրազենեկան ու Ֆայզերը գնվել է Կովակս հարթակի միջոցով,  շուկայական գնից էժան (համապատասխանաբար 4-5 և 11-12 դոլար): Չինական պատվաստանյութն ավելի թանկ է` 18-30 դոլար։

Ներկայում Վրաստանում պատվաստում են 2 տեսակի պատվաստանյութով, պատվաստվել է ավելի քան 8000 մարդ։