Ես Գորբաչովի պատասխանն եմ տվել, վրաց երիտասարդությունը` Պոզների. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով Ռուսաստանի «Առաջին ալիքի» հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների` թբիլիսյան այցին, հիշել է Միխայիլ Գորբաչովի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին հայտարարությունը: Ինչպես գրում է Սաակաշվիլին, Գորբաչովին այն ժամանակ ինքն անձամբ է պատասխան տվել, իսկ Պոզներին նախօրեին, տարիներ անց,  պատասխանեց վրաց երիտասարդությունը:

 «Պոզները նույնն  է կրկնել, ինչ 2008-ին ասել էր Գորբաչովը: Նա տարածում է  կրեմլյան քարոզչությունը` 2000 զոհերի մասին ու անմիջական մասնակցություն է ունեցել հակավրացական տեղեկատվական քարոզչության արշավին: Նույն պատասխանը տվել եմ CNN-ում, Գորբաչովի ստից հետո ես ուղիղ եթերում նրան ամոթալի խայտառակված անվանեցի: Այս երկու  մարդը ծանր պահերին միշտ աջակցում են Պուտինին»,- կարծիք է հայտնել Սաակաշվիլին:

Հիշեցնենք` նախօրեին վաղ առավոտյան ռուս լրագրող Վլադիմիր Պոզները ստիպված եղավ ընդհատել իր եռօրյա այցը Թբիլիսի ու ծննդյան օրը Վրաստանի մայրաքաղաքում անցկացնելու փոխարեն` չարտերով վերադառնալ Մոսկվա: Այդպես ցանկացան Վրաստանի միավորված ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք քաղաքական ակտիվիստներ, որոնք իմանալով, որ Պոզներն ու նրան ուղեկցող մի քանի տասնյակ մարդ կանգ են առել Թբիլիսիի հյուրանոցներից մեկում` խախտելով կարանտինի ու պարետային ժամի կանոնները, շրջափակեցին հյուրանոցը` պահանջով, որ «Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը» խախտած լրագրողը րոպե առաջ լքի երկիրը: Պոզները ոստիկական մեծ ուժերի միջնորդությամբ մի հյուրանոցից մյուսը տեղափոխվեց, սակայն այստեղ էլ երկար չմնաց: Ակտիվիստենրը նախ ձվեր նետեցին «Ռումս» հյուրանոցի պատերին, ապա  շրջափակեցին բոլոր մուտքերն ու հայտենցին, որ  կգիշերեն հյուրանոցի մոտ ու կմնան այնքան, քանի դեռ «կրեմլի քարոզիչը»  չի հեռացել երկրից: Ապրիլի 1-ի առավոտյան Պոզներն արդեն Թբիլիսիի օդանավակայանում էր: Ակտիվիստները նշում էին, որ «Աբխազիան ու Հարավային Օսիան  երբեք չեն լինի Վրաստանի կազմում» մտքի հեղինակը Վրաստանում տեղ չունի:

Այս մասին  տեսանյութ`