Տեսանյութ. Վլադիմիր Պոզների 1 գիշերը Թբիլիսիում. Ի՞նչ տեղի ունեցավ երեկ

Մարտի 31-ի վրացական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները իր ընկերների հետ միասին ժամանել է Թբիլիսի իր ծննդյան տարեդարձը նշելու համար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հյուրերը, խախտելով Վրաստանում գործող մի շարք կաննոններ կապված կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ, ընթրիքի համար ժամանել են Վինոտել հյուրանոց:

Քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության մի շարք նեկայացուցիչներ հավաքվելով հյուրանոցի դիմաց սկսեցին մեծ աղմուկ բարձրացնել և Պոզների հասցեին մի շարք վիրավորական խոսքեր հնչեցնել: Տեղում մոբիլիզացված բազմաթիվ ոստիկանների օգնությամբ հնարավոր եղավ Պոզներին և նրա հետ եղած անձանց տեղափոխել այլ՝ Ռումս հյուրանոց, որից հետո բազմաթիվ ակտիվիստներ տեղափոխվեցին նույն հասցեով և ամբողջ գիշեր շրջափակելով շենքը պահանջել են, որպեսզի ռուս լրագրողը հեռանա երկրից:

Ըստ ցուցարարների՝ Պոզները բազմաթիվ հայտարարություններ է արել ընդդեմ Վրաստանի, նշել որ Աբխազիան և Հվ. Օսիան երբեք չեն լինի նրա կազմում, և մարտի 31-ին՝ Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան օրը նրա մուտքը Վրաստան վիրավորական է: Նրանք գտնում են, որ Պոզները խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը:

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, երեկ տուգանվել է Վլադիմիր Պոզները և նրան ուղեկցող 31 անձ՝ կարանտինի և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար, մնացած 9 հոգին չեն խախտել նշված կանոնները: Աշխատանքի տեսչությունը տուգանել է նաև հյուրանոցին, որտեղ հյուրերը ընթրիքի են եղել:

Այսօր առավոտյան ժամը 08:00-ին Պոզները և հյուրերը կարողացել են ոստիկանների հսկողությամբ դուրս գալ հյուրանոցից և չարտերային թռիչքով լքել Վրաստանը:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։