Վրաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հրաժարական է տվել: Նրա խոսքով՝ այս որոշումը ընդունել էր դեռ նախորդ տարեվերջին, սակայն հրաժարականը մի քանի ամսով հետաձգել է:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին: Պետք է ասեմ, որ ֆինանսների նախարարի պաշտոնում գրեթե երեք տարի աշխատելուց հետո ես դեռ պատրաստվում էի հրաժարական տալ նախորդ տարվա վերջին, սակայն քանի որ առջևում էր 2021 թվականի ճգնաժամային բյուջեի հաստատման ընթացակարգը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ծրագրի ավարտման վերաբերյալ կարևոր բանակցությունները, ես որոշեցի հետաձգել այս որոշումը մի քանի ամսով», — գրել է ՄաՃավարիանին:

Թե կոնկրետ ինչն է հրաժարականի պատճառը Մաճավարիանին իր հայտարարության մեջ չի պարզաբանել, սակայն շնորհակալություն է հայտնել իշխող կուսակցությանը:

Մաճավարիանին ֆինանսների նախարար է նշանակվել 2018 թվականի հուլիսի 12-ին, իսկ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից փոխվարչապետ էր նշանակվել 2021 թվականի փետրվարի 25-ից: