Ովքե՞ր տապալեցին համամասնական ընտրակարգի անցումը

Համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանի 40 պատգամավոր պահեցին իրենց «սկզբունքային դիրքորոշումը» և տապալեցին նախագիծը: Գրում է on.ge կայքը:

Նրանցից ութը վերջին երեք տարիների ընթացքում լիագումար նիստում չեն քվեարկել: Բոլորն էլ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորներ են:

  1. Մուխրան Վախթանգաձե — մեծամասնական;
  2. Իոսեբ Մակրախիձե — մեծամասնական;
  3. Սամվել Մանուկյան — կուսակցության ցուցակով;
  4. Հենզել Մկոյան — մեծամասնական;
  5. Ռոման Մուչիաշվիլի — մեծամասնական;
  6. Գոդերձի Չանքսելիանի — մեծամասնական;
  7. Իրակլի Խախուբիա — մեծամասնական;
  8. Վիքտոր Ջափարիձե — կուսակցության ցուցակով:

Իններորդ գումարման խորհրդարանն իր աշխատանքն սկսել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ օրենսդիր մարմնի տեղեկատվության՝ համաձայն համամասնական ընտրակարգին դեմ քվեարկած այլ մեծամասնական օրենսդիրներ համեմատաբար ավելի ակտիվ են եղել:

Օրինակ՝ վերջին երեք տարիներին Ռուսլան Պողոսյանը, Թամազ Նավերիանին և Թենգիզ Խուբուլուրին միայն մեկ անգամ են ելույթ ունեցել: Միևնույն ժամանակ, Իրակլի Աբուսերիձեն և Էդիշեր Թոլորաիան երեք անգամ են օգտվել ձայնի իրենց իրավունքից, իսկ Գիորգի Կոպաձեն ընդամենը երկու անգամ է խոսել լիագումար նիստի ժամանակ:

Նշանակալի է, որ ընդհանուր թվով 16 «լուռ» պատգամավորներից 14-ը «Վրացական երազանքի» անդամ են, իսկ երկուսը՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»:

Հիշեցնենք՝ ս.թ. նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը չընդունեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը` ձայների 101 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 113 ձայն։

«Վրացական երազանք»-ից Հենզել Մկոյանը, Կախա Օքրիաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն են այն երեք պատգամավորները, որ դեմ են քվեարկել համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծին: Դահլիճում գտնվող 37 պատգամավոր էլ չի մասնակցել քվեարկությանը:

Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում հունիսի 20-21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր: Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր հենց 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգին:

Վերոնշյալ օրինագիծը տապալելուց հետո Թբիլիսիում մասշտաբային բողոքի ցույցեր սկսվեցին: Ընդդիմությունն այս քայլն Իվանիշվիլիի թատրոն անվանեց ու կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցային պայքարի։ 20 ընդդիմադիր ուժեր ու  քաղաքացիական ակտիվիստներ փակեցին Ռուսթավելի պողոտան ու Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը։ Ամենամեծ ակցիան անցկացվեց նոյեմբերի 18-ին։