Զուրաբիշվիլին երկիրը մոտեցնում է Եվրամիությանը. եվրախորհրդարանական

«Մենք չենք կարող եվրոպամետ վրացիների 80 տոկոսին մենակ թողնել առևանգված ռեժիմի դեմ պայքարում»,- X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:

Ըստ նրա՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին չնայած հարգելով երկրի Սահմանադրությունը՝ բախվում է ռուսամետ կառավարության կողմից իրականացվող պաշտոնանկության ընթացակարգին: Նա գրառման մեջ վերահաստատել է՝ Վրաստանի ապագան Եվրամիությունում է:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահը պատժվում է եվրոպական ջանքերի համար, նրան «պատժում են օլիգարխն ու նրա պաշտոնյաները»։

«Հինգ ամիս առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամուր կանգնած էր այստեղ՝ պաշտպանելու իր երկրի եվրոպական ապագան։ Նախագահ Զուրաբիշվիլին անում է այն, ինչ հրաժարվում է անել Վրաստանի կառավարությունը. իր երկիրը մոտեցնում է Եվրամիությանը: Նախագահը, որ իր ժողովրդի նման արյունով ու մարմնով եվրոպացի է, խստորեն պահպանում է Սահմանադրության 78-րդ հոդվածը՝ ձեռնարկել բոլոր միջոցները Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։ Այս ջանքերի համար նա այժմ պատժվում է օլիգարխի և նրա պաշտոնյաների կողմից»,- գրել է Կրամոնը:

Ի դեպ, հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դեմ ներկայացված հայցադիմումի որոշումը։ Սահմանադրական դատարանը համարել է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։ Եզրակացությունը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման։ Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնանկության հարցը կքննարկի հոկտեմբերի 18-ի լիագումար նիստում:

Խորհրդարանում նախագահին վերջնական պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս փուլում խորհրդարանում 100 մանդատ չունեն։

Նախագահի պաշտոնանկության հարցը կքննարկվի վաղը