Պատվաստումը սահմանափակումների ընթացքում. ի՞նչ պետք է իմանալ

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` Վրաստանում  կրկին գործելու են որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես, Թբիլիսիում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը կսահմանափակվի հանրային տրանսպորտի գործունեությունը, պետաշխատողները կաշխատեն առցանց, արգելված կլինեն սպորտային, մշակութային միջոցառումները և այլն:

Սրա հետ մեկտեղ, պետությունը բնակչությանը կոչ է անում պատվաստվել, ինչի համար որոշակի արտոնություններ են ստեղծվել. նրանք, ովքեր տեղաշարժի խնդիր ունեն, սակայն ցանկանում են պատվաստվել, գործում է թեժ գիծ՝ 1522: Այս համարով հնարավոր է զանգահարել, նշել նախընտրելի պատվաստանյութի տեսակը, անձնական տվյալները,  ու շրջիկ բրիգադը կայցելի նշված հասցեով:

Սրա հետ մեկտեղ, նախօրեին սահմանափակումների մասին տեղեկություն հաղորդելիս` միջգերատեսչական խորհուրդը նշել էր, որ պատվաստվել ցանկացողների համար պետությունը կապահովի տեղափոխումը դեպի պատվաստումներ իրականացնող կլինիկաներ:  Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու այս գործընթացը:

Նշենք նաեւ, որ օգոստոսի 13-ից Թբիլիսիի Տեխնիկական համալսարանի վեցերորդ մասնաշենքում (Սաակաձեի հրապարակ, Կոստավա 77) գործում է պատվաստման նոր կենտրոն: Պատվաստվելու համար այստեղ անհրաժեշտ չէ նախնական գրանցում: Հասանելի են՝ Ֆայզեր, Սինովակ, Սինոֆարմ տեսակի պատվաստանյութերը: Կենտրոնն աշխատում է ժամը 10:00-ից 20:00-ն:
Կից ներկայացնում ենք նաև հայերեն լեզվով Ալիք Մեդիայի ուղեցույցը՝ պատվաստման booking.moh.ge հարթակում գրանցվելու մասին: