Կոչ Վրաստանի կառավարությանը` գործել Բիճվինթայի տարածքը ՌԴ–ին հանձնելու դեմ

«Սոցիալական արդարադատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում վրացական իշխանություններին` գործել օկուպացված Աբխազիայում գտնվող Բիճվինթայի և դրան հարակից 186 հեկտար հողատարածքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու դեմ։

«Ի պատասխան Աբխազիայում ընթացող գործընթացների՝ Վրաստանի կենտրոնական իշխանությունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն չի արել, ինչը կարևոր է միջազգային հանրության և կազմակերպությունների առջև այդ հարցի ակտիվ բարձրաձայնման, Ռուսաստանի հանդեպ դժգոհության դիվանագիտական ​​ազդանշան ցույց տալու և աբխազական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու գործում»,- ասվում է «Սոցիալական արդարադատության կենտրոնի» հայտարարության մեջ։

Կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը.

  • Ակտիվորեն բարձրացնել միջազգային հանրության առջև Բիճվինթայի տարածքների փոխանցման հարցը, կիրառել բոլոր քաղաքական և դիվանագիտական ​​միջոցները գործընթացը կասեցնելու համար։
  • Վերանայել և հանրությանը ներկայացնել զեկույց այն մասին, թե ինչ է անում տարածաշրջանում ռուսական քաղաքականությունը, և ինչ քաղաքական, դիվանագիտական ​​ռազմավարություններ և աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։
  • Ներկա համատեքստում ամրապնդել վրաց-աբխազական հակամարտության վերափոխման և խաղաղության կառուցման գործընթացը։

Կարդացեք նաև՝

Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները