Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի ՆԳ նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերության հետագա խորացման հեռանկարները, նաև ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև տարիների ընթացքում հաստատված հաջող երկկողմ գործընկերությունը։

«Նշվել է, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև այսօր ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը կնպաստի համապատասխան մարմինների միջև առկա գործընկերության հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և ճնշման ոլորտներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևորությանը։

Հանդիպմանը մասնակցել են Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը», — ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։