Բախտաձեն կառավարման փորձ ունի. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու Մամուկա Բատաձեն կառավարման փորձ ունի։

«Խորհրդարանական մեծամասնությունը կարևորագույն որոշում է կայացրել: Մենք վարչապետի արժանի թեկնածու ենք ընտրել: Հաշվի առնվել այն, որ Բախտաձեն լավ կրթություն ու տարբեր ոլորտներում կառավարման փորձ ունի: Նա տնտեսական հարցերով լուրջ փորձագետ է: Համոզված եմ, որ նա մեծ հաջողությամբ ապահովելու է մեր երկրի առաջընթացը»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախօրեին վարչապետի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը խորհրդարանական մեծամասնության թեկնածուին պետք է ներկայացնի 7 օրվա ընթացքում: Վարչապետի թեկնածուն էլ 7 օրվա ընթացքում պետք է ընտրի կառավարության կազմ՝ նախարարների թեկնածուներ և դիմի խորհրդարանին՝ վստահություն ստանալու նպատակով: Սրանից ևս 7 օրվա ընթացքում խորհրդարանը կքննարկի կառավարության կազմը և կքվեարկի վստահություն հայտնելու վերաբերյալ: Կառավարության կազմի հետ մեկտեղ խորհրդարանին կներկայացվի նաև կառավարության ծրագիրը:

Մինչև կառավարության նոր կազմը ստեղծելը,  նախկին նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են համարվում:

Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին: Ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը և Վրաստանի տեխնիկական համալսարանը: Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մագիստրոս է: 2010 թվականին INSEAD-ի բիզնես դպրոցում MBA-ի որակավորում է ստացել:

Ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, 2005-2006 թվականներին Մամուկա Բախտաձեն «Վրաստանի երկաթգծի» նախագծի մենեջերն է եղել, 2010-2012թթ․՝ Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրեն, 2013 թ․ ապրիլից 2017թ․ նոյեմբերի 13-ը զբաղեցրել է «Վրաստանի երկաթգիծ» կազմակերպության  գլխավոր տնօրենի պաշտոնը, 2017թ․ նոյեմբերի 13-ից եղել է Վրաստանի ֆինանսների նախարար:

Թողնել պատասխան