Իրակլի Կոբախիձեն հինգ շրջանում նոր հանձնակատարներ է նշանակել

Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի, Գուրիայի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանները նոր պետական հանձնակատարներ ունեն։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Մցխեթա-Մթիանեթիում պետական հանձնակատարի պաշտոնը ստանձնել է Ալեքսանդրե Զագաշվիլին, Շիդա Քարթլիում՝ Սիմոն Գուլեդանին, Սամցխե-Ջավախեթիում՝ Զաալ Գելաշվիլին, Գուրիայում՝ Գիորգի Ղուրջումելիձեն, իսկ Քվեմո Քարթլիում՝ Լևան Խարաբաձեն։

Նորանշանակ պետական հանձնակատարներին այսօր հանդիպել է Իրակլի Կոբախիձեն՝ տարածաշրջանային զարգացման նախարար Կախա Գուլեդանի հետ միասին։

Վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կոբախիձեն շեշտել է տարածաշրջանների զարգացման կարևորությունը և նշել, որ այս հարցի առաջնահերթ լինելու ապացույցն է նաև տարածաշրջանային զարգացման նախարարության որպես առանձին գերատեսչություն ձևավորումը։

Կողախիձեն ընդգծել է ծրագրերի որակի և համակարգման բարելավման անհրաժեշտությունը և նորանշանակ հանձնակատարներին հաջողություն մաղթել։