Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր հավաքագրման թեման հայտնվել է երկրի ներքաղաքական ու անվտանգության խնդիրների քննարկումների կիզակետում։ Հեղինակավոր հետազոտական կենտրոնների զեկույցները և Թբիլիսիում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որտեղ տեղի ադրբեջանցի մուսուլմանների մի խումբ հավատարմության երդում էր տալիս Թեհրանի ռեժիմին, հարուցել են լուրջ մտահոգություններ։
Մասնավորապես, օրինակ, Հադսոնի ինստիտուտի նախագահ Ջոն Ուոլթերսը խոր մտահոգություն է հայտնել Վրաստանում Իրանի աճող ազդեցության վերաբերյալ Լյուկ Քոֆիի և Գիորգի Կանդելակիի համահեղինակությամբ հրապարակված հետազոտությունից հետո Վրաստանի պետական անվտանգության ծառայության հետաքննություն սկսելու կապակցությամբ։
Հեղինակների խոսքով՝ «Թբիլիսին նպաստում է Իրանի ինֆիլտրացիային և միաժամանակ թույլ է տալիս Թեհրանին ստեղծել ազդեցության ենթակառուցվածքների լայն ցանց»։
«Սա Հադսոնի ինստիտուտի հրապարակած հետազոտությունն է, որը պատրաստվել է ինստիտուտի հետազոտական չափանիշներին համապատասխան։ Զեկույցը հիմնված է հանրությանը հասանելի ստուգված տեղեկատվության վրա»,- հայտարարել է Ուոլթերսը։
Նրա խոսքով՝ «այս հետազոտությունը պետք է սթափեցնող ազդանշան լինի, հատկապես այն ժամանակ, երբ Իրանը տարածաշրջանում ապակայունացնող ուժ է ներկայացնում»։
«Իշխանությունները հետազոտության հեղինակների դեմ հետաքննություն սկսելու փոխարեն պետք է մտահոգված լինեն եզրակացություններով, որոնք հիմնված են հանրությանը հասանելի տեղեկատվության վրա, և իշխանությունները պետք է որ արդեն տեղեկություններ ունենային։ Հետազոտությունը ներկայացնում է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության աճող ազդեցության հստակ և համակարգային պատկերը։ Նման զարգացումը հակասում է ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին և լուրջ ուշադրություն է պահանջում»,- նշել է Հադսոնի ինստիտուտի նախագահը։
Հետազոտության մեջ հիշատակվում է նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող «Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանի» մասնաճյուղը Վրաստանում, որը գործում է արդեն 15 տարի, սակայն չունի կրթության նախարարության հավատարմագրում։
Վրացի քաղաքական գործիչ, իրավաբան Թինա Խիդաշելիի հիմնադրած «Քաղաքացիական գաղափար» (Civil Idea) հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2022-2025 թվականներին Վրաստանում գրանցված 72 ընկերություններ իրականացրել են իրանական նավթի և նավթամթերքի ներկրում։
Հանրապետության «աճող ազդեցությունների» վերաբերյալ երկու միմյանցից անկախ քննադատական հետազոտությունների հրապարակումից հետո, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) «Ազատություն» ռակիոկայանին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել և ուսումնասիրվում է «հեղինակների մոտիվացիան»։
Դրանից առաջ «Վրացական երազանք»-ի առաջնորդները «հանցագործություն» էին անվանել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Վրաստանում Իրանի հավանական ազդեցության մասին խոսակցությունները և ասել, որ հետաքննություն է անհրաժեշտ։
Ըստ լրատվամիջոցի՝ ՊԱԾ-ի մամուլի կենտրոնը պատասխանել է. «Պետությունը լիովին վերահսկում է իրավիճակը, տիրապետում է և համապատասխան արձանագրությամբ մշակում է իր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը»։
Մարտի սկզբին «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խստորեն քննադատել է նախկին քաղաքական գործիչներ Թինա Խիդաշելիին և Գիորգի Կանդելակիին։
«Սա դավաճանական գործողություն է, գործել սեփական հայրենիքի դեմ»,- ասել է Կալաձեն մարտի 5-ին Խիդաշելիի մասին և իր երբեմնի թիմակցին անվանել «այլ երկրի ծառայության վարձկան», որի «թշնամական գործունեությունը նկատելի է»։
24news.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանում Իրանի դեսպանատան մոտ օրեր առաջ հավաքվել է վրաստանաբնակ ադրբեջանցիների մի խումբ, որոնք ցավակցություն են հայտնել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ և հանդես եկել աջակցության հայտարարություններով։
«Ցանկացած երկրում կարող են ապրել վնասակար գաղափարներով թունավորված քաղաքացիներ, սակայն հանրային խմբակային հայտը, որով քաղաքացիները հնազանդություն են հայտնում օտար երկրի, այն էլ՝ ահաբեկչական ռեժիմին, ակնհայտորեն անմիջական սպառնալիք է պարունակում։ Հատկապես այն ժամանակ, երբ երկրի ներսում ունես այդ տրամադրությունների մի ամբողջ ցանց», — այսպես է արձագանքել «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան մարտի 7-ին Իրանի դեսպանատան մոտ հավաքված քաղաքացիների ելույթին։
Բոկերիայի կարծիքով` այս սպառնալիքի առկայությունը հաստատում են նաև վերջին շրջանում Քվեմո Քարթլիում ահաբեկչական խմբավորումների և իսլամիստական ռեժիմի աջակիցների ցույցերը։
«Այս ռեժիմի մնալը իշխանության ղեկին նշանակում է երկրի ինքնիշխանության փլուզում, քաոս և ապակայունացում», — գրել է Բոկերիան։
Սոցիալական ցանցում տեսանյութը տարածել է ակտիվիստ Սամիրա Բայրամովան։ Նա գրել է.
«Մարտի 7-ին Իրանի դեսպանատանը մուսուլմանները հրավիրված էին Ռամադանի իֆթարի (ընթրիք), և, որքան գիտեմ, գնացել էին դատարկաձեռն՝ առանց պաստառների, և հենց այնտեղ էլ նրանց կազմակերպել տվեցին այս ամենը։ Նախատեսված էր 400 հոգու բերել, բայց ընդամենն առնվազն 100 մարդ կար։ Պրոիրանամետ մուսուլման առաջնորդներն այստեղ չեն, երևում է՝ նոր ուժի և տիրոջ փնտրտուքի մեջ են»։
Այսինքն, ըստ ակտիվիստի՝ մարդիկ եկել էին պարզապես ընթրիքի (իֆթարի) և իրենց հետ չունեին ոչ պաստառներ, ոչ կարգախոսներ։ Նրա դիտարկմամբ՝ հենց տարածքում է նրանց տրվել այդ պաստառները և հրահանգվել, թե ինչ պետք է անեն ու ասեն։
Այս թեմայի շուրջ Վրաստանի հասարակության շրջանում ձևավորվել է բավականին բարդ և բազմաշերտ կարծիքների դաշտ, որտեղ բախվում են անվտանգության խնդրով մտահոգությունները, քաղաքական հայացքները և կրոնական զգացմունքները։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ընդգծեց, որ Իրանի ազդեցության աճն անուղղակիորեն նշանակում է ռուսական ազդեցության մեծացում և հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացում։
«Իրանը հեռու է ժողովրդավարական նորմերից և, կիրառելով ավտորիտարիզմն ամրապնդող ու մարդու իրավունքները սահմանափակող գործունեություն, ռիսկ է ներկայացնում Եվրոպական Միության թեկնածուի կարգավիճակ ունեցող Վրաստանի համար, հատկապես այն ժամանակ, երբ գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ և բազմիցս նկատվել է ահաբեկչությանն աջակցելու գործում»,- նշեց Նանուաշվիլին։
Ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում գրառում է արել այս թեմայի վերաբերյալ. նրա խոսքով՝ եզրակացությունը չափազանց ցավալի է, և «մենք շատ մոտ ենք վտանգավոր էթնիկական հակամարտությանը»։
«Սա էքզիստենցիալ հարց է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ինչպե՞ս պատահեց, որ Իրանի մարդակեր ռեժիմի կողմնակից դարձավ մեր ադրբեջանական բնակչության զգալի մասը։ Ինչպե՞ս պատահեց, որ Մարնեուլիում երիտասարդները վազում են Խամենեիի դիմանկարներով։
Կամ այն, որ մեր ադրբեջանցիները շատ հեշտ «հավաքագրվող» դարձան Իրանի ահաբեկչական հատուկ ծառայությունների համար, և ինչպե՞ս հասանք այն վիճակին, որ Ադրբեջանը ստիպված եղավ փակել սահմանը Վրաստանի հետ՝ հենց նրա համար, որ իր տարածք չթողնի մեր ադրբեջանցի հայրենակիցներին։ Մտածեք՝ Ադրբեջանը թույլ չի տալիս ադրբեջանցիների մուտքը։
Վերջին շրջանում Քվեմո Քարթլիի մի քանի բնակիչներ ձերբակալվեցին եվրոպական երկրներում՝ Իրանի օգտին լրտեսություն անելու համար (նրանցից վերջինը մի քանի օր առաջ ձերբակալվեց Հունաստանում)։
Իսլամիստների ազդեցությունը հատկապես ուժեղ է երիտասարդության շրջանում, որոնց համար Ադրբեջանը, կրոնական ռադիկալիզմի վախից դրդված, փակել է սահմանը, իսկ Թբիլիսին ոչ մի ապագա չի առաջարկում, ինչպես որ ապագա չի առաջարկում վրացի երիտասարդությանը։ Եթե վրացիները սրան պատասխանում են բողոքով կամ արտագաղթով, ապա ադրբեջանցիները սփոփանք են փնտրում իրանական ռադիկալ շիիզմի մեջ»,- գրել է Սաակաշվիլին։
Նրա դիտարկմամբ՝ միայն բոլոր էթնիկ ծագման քաղաքացիների միավորմամբ պետք է հասնենք արդյունքի՝ Վրաստանի և նրա յուրաքանչյուր քաղաքացու ազատությանը։
Փորձագիտական համայնքի ընդհանուր եզրակացությունն այն է, որ Իրանի ազդեցությունը Վրաստանում չի կարող դիտարկվել Ռուսաստանի շահերից անկախ, և սա մեկ միասնական աշխարհաքաղաքական մարտահրավեր է, որի նպատակն է փոխել Վրաստանի արևմտյան կուրսը և երկիրը վերադարձնել ավտորիտար ազդեցության գոտի։