Կարևորվել է թուրքական կողմի երկարաժամկետ ​​աջակցությունը Վրաստանին

Վրաստանի պաշտպանության (ՊՆ) նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն նախարարությունում հյուրընկալել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբային։ Տեղեկությունը տարածում է ՊՆ-ն:

Նշվում է, որ նախարարը շնորհավորել է թուրք դիվանագետին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության գործում։

«Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ինտեգրմանը աջակցելու համար։ Նախարարն ընդգծել է ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովում գործընկերների կարիքներին համապատասխանող քաղաքական ու գործնական աջակցության կարևորությունը և առանձնացրել Թուրքիայի դերն այս գործընթացում։ Հատկապես նշվել է Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-Վրաստան նորացված էական փաթեթի իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը և ընդգծել ռազմավարական գործընկերության կարևորությունը։

Հանդիպմանը նշվել է թուրքական կողմի երկարաժամկետ ֆինանսական, նյութատեխնիկական և փորձագիտական ​​աջակցությունը Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում:

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան է նշանակվել Ալի Քաան Օրբայը