Իշխանամետ «Իմեդի»-ի լրագրողներին ցուցարարները ստրուկներ են անվանել․ քրգործ է հարուցվել

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել «գործակալների օրենքի» դեմ ակցիայի ժամանակ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստով։

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի լուսաբանման ժամանակ «Իմեդի»-ի լրագրողներին «ստրուկներ» են անվանել, վիրավորել ու ուղիղ եթերում աշխատելիս տեսախցիկի առջև վիրավորական ժեստեր ցուցադրել։

Հեռուստաալիքը կարծում է, որ դա խոչընդոտում էր իրենց լրագրողների մասնագիտական ​​գործունեությանը, ՀՔԾ-ն էլ հենց համապատասխան որակավորումներով է հետաքննություն սկսել (Քրեական օրենսգրքի 154-րդ հոդված՝ լրագրողի մասնագիտական ​​գործունեությանը ապօրինի խոչընդոտելը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքով կամ տնային կալանքով):

Վիճահարույց օրենքը, որին Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները «ռուսական օրենք» և Վրաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտ են համարում, «Իմեդին» «թափանցիկության նախագիծ» է անվանում:

Ուշագրավ է, որ «գործակալների օրենքը» տարածվում է Վրաստանի մի շարք լրատվամիջոցների վրա, այդ թվում՝ «Տաբուլա», «Պուբլիկա», «Ապրիլի Մեդիա», որոնց լրագրողներին իրավապահները բռնության են ենթարկել հանրահավաքը ցրելու ժամանակ։ Լրագրողների նկատմամբ բռնության այս դեպքը միավորվել է մեկ խոշոր գործի մեջ, որը քննվում է ՀՔԾ-ի կողմից՝ իրավապահների կողմից «պաշտոնեական լիազորությունների գերազանցում» որակմամբ (Քրեական օրենսգրքի 333-րդ հոդված՝ Իրավապահ մարմինների ծառայողի բռնությամբ պաշտոնեական լիազորությունները գերազանցելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5–ից 8 տարի ժամկետով):