Իտալիայի խորհրդարանի պատգամավորները քննարկել են Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Վրաստանի պայքարը հանուն ազատության, իրավունքների և ժողովրդավարության» խորագրով մամուլի ասուլիս, որը կազմակերպել էր Դեմոկրատական կուսակցության անդամ և պատգամավոր Լիա Կուարտապելեն։ Ասուլիսին ներկա են եղել ընդդիմադիր այլ պատգամավորներ։
Իտալացի պատգամավորները տեղեկացրել են, որ աշխատում են «Վրացական երազանք»-ի դեմ բանաձեւի տեքստի վրա։
«Վրաստանում օրենք է ընդունվել, որն էլ ավելի է խստացնում կանոնները, այսպես կոչված, օտարերկրյա գործակալների նկատմամբ, ինչը գործնականում նշանակում է, որ ցանկացած ոք, ով թեկուզ աննշան կապ ունի Արևմուտքի կամ ժողովրդավարական երկրների հետ, ընկալվում է որպես վտանգավոր լրտես, ժողովրդի թշնամի, հայրենիքի դավաճան»,- ասուլիսում հայտարարել է իտալացի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ աջակցության կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպո Սանսին։
Պատգամավորների խոսքով՝ երկու փաստաթուղթ է նախապատրաստվում. դրանցից մեկը վերաբերում է խորհրդարանական հարցապնդմանը, որը պահանջում է կառավարությանը պատգամավորներին տրամադրել «Վրացական երազանք»-ի կառավարության հետ հանդիպումների և շփումների վերաբերյալ հարցերի պատասխանները: Երկրորդ փաստաթուղթը բանաձև է, որը հիմնված կլինի «Վրացական երազանք»-ի անդամների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի վրա, սակայն` պատժամիջոցների թեկնածուների շատ ավելի մեծ ցանկով: