Իթխվիսի գյուղի բնակիչները կառավարությունից պատասխան են պահանջում

«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Վրաստանի կառավարությունից պահանջում է դիտարկել բնակչության պահանջները Ճիաթուրայում պետական ​​միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ և ընդառաջել տեղացիների արդարացի պահանջներին։

ՀԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Իթխվիսի գյուղի բնակիչները նոյեմբերի 4-ին դիմել են համապատասխան գերատեսչություններին և խնդրել են հանդիպել Ճիաթուրայի քաղաքապետարանի, միջգերատեսչական հանձնաժողովի և «Ջորջիան մանգանի» ներկայացուցիչների հետ։

«Քանի որ բնակչությունը հնարավորություն չուներ ներգրավվելու հանձնաժողովի աշխատանքներին, և գործընթացը դեռևս ծայրահեղ անթափանց է, տեղի բնակիչների համար կառավարության հետագա քայլերի բովանդակությունը դեռևս անհասկանալի է։ Դրանց թվում անհասկանալի է, թե ինչպիսին կլինի պետության արձագանքը բնակչության անվտանգությունը ապահովելու, վնասի գնահատման մեթոդաբանության և փոխհատուցման չափի առումով»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՀԿ-ի՝ նամակն ուղարկելուց հետո Իթխվիսիի 35 ընտանիք Ճիաթուրայի քաղաքապետարանից առաջարկ է ստացել ժամանակավոր տեղափոխվել վարձով բնակարաններ։

ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ շարունակում է պաշտպանել Իթխվիսի գյուղի բնակիչների շահերը, վերահսկել նրանց կարիքների բավարարման գործընթացը և առաջիկայում հանրությանը տեղեկություն կտրամադրի այս ուղղությամբ զարգացումների մասին։

Ի դեպ, Ճիաթուրայի Իթխվիսի գյուղում հողերի անկման հարցով 15 հոգուց բաղկացած կառավարական հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը և եզրակացրել, որ մարտին Իթխվիսիում հողի անկումը պայմանավորված է երեք հիմնական գործոնով.

  • անցյալ դարի տարբեր ժամանակաշրջաններում ստորգետնյա հանքարդյունաբերության հետևանքով հետազոտական ​​տարածքում առաջացած բացեր (մարդածին ազդեցություն),
  • հրային ապարների անկայուն բնույթ,
  • մթնոլորտային առատ տեղումներ: