Որոշ ազդեցիկ ամսագրերի միլիարդատերերի ինդեքսում «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին առնչվող փոփոխությունները վրացի փորձագետները «թաքնված մեխանիզմ» են գնահատում։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում որոշ փորձագետներ ասացին` անհավանական է, որ նման կարճ ժամանակահատվածում Իվանիշվիլիի ունեցվածքն այդքան նվազեր. ըստ փորձագետների` սա, թերևս, այլ բացատրություն ունի։
Վերլուծաբանները կարծում են, որ այսպիսով նա փորձում է արտաքին աշխարհին ներկայացնել այնպիսի պատկեր, ըստ որի` ինքն այլևս չունի բավականաչափ ազդեցություն կամ ռեսուրսներ:
Ինչի մասին է խոսքը
Հատկանշական է, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին այլևս աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկից բացակայում է. այս տեղեկությունը փաստում են Bloomberg-ի ապրիլի 28-ի թարմացված տվյալները:
Ապրիլի 11-ին հրապարակված միլիարդատերերի ինդեքսի համաձայն, նա զբաղեցրել է 428-րդ տեղը՝ 6.98 միլիարդ դոլարով։
Մեկ այլ, ամերիկյան Forbes ամսագրի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, որը թարմացվել է 2025 թվականի ապրիլի 1-ին, «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ու նրա ընտանիքի կարողությունը նախորդ տարվա 4,9 միլիարդ դոլարից նվազել է մինչև 2,7 միլիարդ դոլար։
2024 թվականին Forbes-ը Իվանիշվիլիի կարողությունը 4,9 միլիարդ դոլար էր գնահատել, սակայն այս տարի` 2025 թվականի ապրիլի 1-ին արտացոլված փոփոխություններից հետո, գնահատել է 2,7 միլիարդ դոլար: Այս գումարով նա համաշխարհային միլիարդատերերի ցուցակի 1299-րդ տեղում է։
Ինչ են ասում փորձագետները
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան և քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին ևս, ինչպես որոշ այլ փորձագետներ, այն կարծիքին է, որ Իվանիշվիլին վերաբաշխել է իր ֆինանսները։
«Չեմ բացառում, որ Իվանիշվիլին վերաբաշխել է իր ֆինանսներն ընտանիքի անդամներին. այդ փաստը, ըստ երևույթին, նրան ընդհանրապես չի անհանգստացնում։ Ճիշտ է, նրա նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, բայց դա չէր կարող նման արդյունքի հասցնել, հետևաբար, կարծում եմ՝ Իվանիշվիլին ցանկանում է թաքցնել իր ունեցվածքը»,- ասաց քաղաքացետը:
Կոնֆլիկտաբանին համակարծիք է նաև Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին:
Նրա խոսքով՝ «անհավանական է, որ Իվանիշվիլիի հարստությունն այնքան նվազած լինի, որ նա այլևս միլիարդատերերի ցուցակում չլինի»։
Ըստ հանրային նախկին պաշտպանի՝ ավելի հավանական տարբերակ է, որ ինչ-որ մեխանիզմ է գործում։
«Ավելի հավանական է, որ ինչ-որ մեխանիզմ է գործում։ Կամ` իր ռեսուրսներն ու ունեցվածքը տեղափոխել է այլ տարածքներ (նախկինում էլ է դա տեղի ունեցել), կամ էլ` չի բացառվում, որ վերաբաշխել է անմիջական շրջապատին և նույնիսկ ընտանիքի անդամներին։ Այսպիսով, նա փորձում է արտաքին աշխարհին ներկայացնել այնպիսի պատկեր, կարծես ինքը այլևս բավականաչափ ազդեցություն կամ ռեսուրսներ չունի, և «Վրացական երազանք»-ի հույսն ամենևին էլ Իվանիշվիլին չէի»,- նշեց Նանուաշվիլին։
Այլ հանգամանքներ
Հատկանշական է նաև, որ ամիսներ առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը սկսել էր սեփական ընկերություններն օֆշորային գոտիներից տեղափոխել Վրաստան։ Դրա մասին զեկույց էր հրապարակել նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։
Այդ ժամանակ ևս, փորձագետները եզրակացրել էին, որ Իվանիշվիլին, հավանաբար, պատժամիջոցներից` իր ունեցվածքի ու հաշիվների բռնագրավումից վախենալով, ակտիվները տեղափոխում է Վրաստան:
Իվանիշվիլիի փախուստը օֆշորներից Վրաստան. փորձագետները՝ հետևանքների մասին