Նախագահը վետո դրեց «Ազգային բանկի մասին» օրենքի փոփոխությունների վրա

«Ազգային բանկի մասին» օրգանական օրենքի փոփոխությունների վրա վետո եմ դնում, քանի որ դրանք ոչ անհրաժեշտ են, ոչ շտապ, ոչ էլ պատճառաբանված»,- նշված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:

Ի՞նչ է կատարվում

Շարունակվում է Ազգային բանկի նախագահի ընտրության գործընթացը: Վրաստանի նախագահն աշխատում է Ազգային բանկի խորհրդի երկու անդամների թեկնածությունը խորհրդարանում առաջադրելու ուղղությամբ։

Այս գործընթացին զուգահեռ, խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ՝ ավելացնելով մեկ պաշտոն՝ ի դեմս առաջին փոխնախագահի, որը կդառնա Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարը, քանի դեռ Վրաստանի նախագահը չի նշանակել Ազգային բանկի նոր ղեկավարին։

Ինչի՞ համար է անհրաժեշտ լրացուցիչ փոխնախագահի պաշտոնը

Ըստ նախագահի տարածած հայտարարության, գործող 3 փոխնախագահներից մեկը կարող է կատարել նախագահի պարտականությունները, ինչը հաստատված է փորձով։

«Ուստի հարց է ծագում՝ արդյո՞ք կառավարությանը չի բավարարում փոխնախագահի ոչ մի թեկնածություն, և արդյո՞ք անհրաժեշտ է լրացուցիչ աթոռ ստեղծել։

Նաև կասկած կա, որ եթե Վրաստանի նախագահի թեկնածուները չունենան խորհրդարանի աջակցությունը, ապա օրենքը թույլ է տալիս առաջին փոխնախագահին անորոշ ժամկետով կատարել Ազգային բանկի նախագահի պարտականությունները։ Նման կասկածները պետք է փարատվեն, քանի որ հակառակ դեպքում կարող է կասկածի տակ դրվել Ազգային բանկի անկախության սկզբունքը»,- գրել է Զուրաբիշվիլին: